Ավելի լավ էր, որ «Տարոն Ավիան» դիմեց Եվրոպա չվերթներ իրականացնելու համար եւ Եվրահանձնաժողովը որոշեց ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը:
«Ավելի լավ էր, որ ԵՄ-ում նկատեցին խնդիրները, որ մենք կարողանանք այդ խնդիրները լուծել, հակառակ դեպքում կարող էր այսպես եւս 5-10 տարի շարունակվել, ինչը մեզ պետք չէ: Մենք բոլորս պետք է կարողանանք անվտանգ թռչել: Այս խնդիրը մեկուկես տարվա խնդիր չէ, չի առաջացել վերջերս, պարզապես մեր ավիաընկերությունները հիմա են դիմել Եվրոպական միություն՝ չվերթներ իրականացնելու, եւ վերջիններս հիմա են եկել ու աուդիտ անցկացրել»,-ասաց նա:
Ռեւազյանը նկատեց, որ իրենք կարողացել են հասնել նրան, որ ԵՄ-ն որոշել է Հայաստանում գործող որեւէ ավիաընկերություն չգցել սեւ ցուցակ:
Ռեւազյանը հերքեց տարածված լուրերը, թե իրենք «Տարոն Ավիան» փակել են, որ դաշտ ստեղծեն «Ryan Air»-ի համար: «Տարոն Ավիան» Հայաստանում վաղուցվանից չվերթներ չի իրականացրել, Աֆրիկայում է իրականացրել եւ Ryan Air-ը որեւէ ձեւով նրա համար մրցակից չի եղել: Բայց նաեւ պետք չի ասել, որ «Տարոն Ավիայի» մեղքով է, որ Եվրհանձնաժողովը նման որոշում է կայացրել: Մենք «Տարոն Ավիայի» հետ համատեղ որոշել ենք ավիաընկերությունը փակել, որպեսզի որեւէ ավիաընկերություն Հայաստանում չհայտնվի սեւ ցուցակում»:
Նա նաեւ հավելեց, որ ԵՄ-ի համար կարեւոր է, որ ՀՀ-ում ավիացիայի ոլորտում առաջընթաց տեսնեն, որն արդեն տեսել են, դրա համար էլ որոշել են որեւէ ավիաընկերություն սեւ ցուցակի մեջ չգցել:
«Համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ լավ է, իրենք մեզ շատ են աջակցել, խորհուրդներ տվել: Մամուլում մեկնաբանությունը մի քիչ սխալ ուղղությամբ է գնացել. միջազգային մամուլում գրված է, որ 115 ավիաընկերություն սեւ ցուցակում է հայտնվել, բայց Հայաստանի հանդեպ հսկողությունն ավելացել է, այստեղ շեշտն այդ 115-ի վրա չեն դրել, այլ հենց Հայաստանի: Եղել է մամուլի խնդիրը, ոչ թե մեր ու ԵՄ-ի հետ կապված խնդիրները»,-նշեց Ռեւազյանը:
«Մենք ԵՄ-ում շնորհանդես իրականացրինք, եւ այժմ գալու են՝ ստուգելու այն, ինչ ասել ենք, իրականությո՞ւն է, թե՞ ոչ: Մենք մեր բոլոր խնդիրներն ասել ենք, բայց միաժամանակ ներկայացրել ենք առաջարկվող լուծումներ եւ ժամկետներ: Այժմ պետք է այդ ժամկետներում տեղավորվենք եւ ցույց տանք պրոգրես: Հնարավոր է՝ ԵՄ-ից գնան ավիաընկերությունների մոտ: Մենք պետք է պատրաստ լինենք»,-ասաց Ռեւազյանը՝ ընդգծելով, որ խնդիրների առաջացման համար պատճառ են դառնում նաեւ քաղավիացիայում աշխատավարձերի ցածր մակարդակները՝ համեմատած մասնավոր ընկերությունների հետ: