00:00:00

«Փաստ». Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները

13:07, 14 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բողոքել է, թե պետական համակարգի գործունեության արդյունավետությունը շատ ցածր է: Ավելին, ըստ Փաշինյանի, պետական համակարգը մի բան էլ ուռճացված է: Այս մոտեցմամբ է պայմանավորված պետական համակարգը կրճատելու և օպտիմալացնելու իշխանությունների քաղաքականությունը: Այս տարվա սկզբից ևեթ իշխանությունը ձեռնամուխ եղավ այդ գործը կյանքի կոչելուն: Բացի պետական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու խնդրից, կառավարության կողմից որպես նախարարությունները կրճատելու հիմնավորում ներկայացվում էր նաև այն փաստարկը, թե պետական համակարգում մեծ թվով աշխատակիցներ պահելու հետևանքով ցածր են լինում աշխատավարձերն ու մոտիվացիան, իսկ օպտիմալացման նպատակներից մեկն էլ պատշաճ աշխատավարձեր ապահովելն է: Արդյունքում 17 նախարարությունները կրճատվեցին և դարձան 12-ը: Օպտիմալացում տեղի ունեցավ նաև այլ պետական հաստատություններում: Փաստորեն առանց պետական հիմնարկներում բազմաթիվ աշխատողների աշխատանքի հարցը լուծելու, կառավարությունը նրանց ազատեց աշխատանքից՝ աչքի առաջ ունենալով Փաշինյանի այն հայտարարությունը, թե լավ մասնագետը միշտ էլ կարող է աշխատանք գտնել: Սակայն բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում աշխատանքը, այսպես ասած, թափած չէ, բարձր է գործազրկության մակարդակը, և շատ դժվար է աշխատանք գտնելը: Ինչպես ժամանակը ցույց տվեց, կառավարության կողմից իրականացված պետական համակարգի կրճատումներն այդպես էլ չլուծեցին պետական համակարգի արդյունավետության խնդիրը, իսկ որոշ պրոբլեմներ էլ ավելի խորացան: Խնդիրներ ի հայտ եկան տարիներով պետական համակարգում աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցների և նախարարությունների ու այլ պետական հիմնարկությունների ղեկավար անձանց միջև՝ կապված նրա հետ, որ Փաշինյանի կողմից նշանակվածների գերակշռող մասը, որոնք իրականացնում են այդ հաստատությունների կառավարումը, պետական կառավարման աշխատանքի փորձ չունեն և հիմնականում առաջնորդվում են սեփական ամբիցիաներով: Արդյունքում Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը խնդրահարույց դուրս եկավ, և պետական համակարգում աշխատողների շրջանում դժգոհություններ հասունացան: Բայց դժգոհությունները չէին կարող սրանով ավարտվել, քանի որ Փաշինյանը որոշեց հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացնել սեփական թիմակիցների աշխատավարձը, որոնք զբաղեցնում են նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձր պաշտոններ: Բնականաբար, հասարակ աշխատողների մեջ պետք է հարց առաջանար, թե ինչու է համապատասխան փորձ չունեցող և նորաթուխ պաշտոնյայի աշխատավարձը կրկնակի բարձրացվում, մանավանդ, երբ նրանց աշխատանքի արդյունքներն էլ հարցականի տակ են, իսկ իրենցը, եթե բարձրացվում էլ է, ապա չնչին չափով՝ չհաշված, որ ցանկացած պահի իրենք կարող են հայտնվել կրճատման տակ: Բայց սա ամենը չէ: Խնդիրներն այնքան շատ են, որ այսպիսի իրավիճակում պետական կառավարման համակարգում ի հայտ եկած դժգոհությունը ավելի է խորանում և, գոնե ըստ Փաշինյանի, վերածվում անգամ դիմադրության: Թերևս հենց այս հանգամանքից էր վրդովվել վարչապետ Փաշինյանը, երբ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. «Եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ»: Փաշինյանը նաև դժգոհեց պետական կառավարման համակարգի արդյունավետությունից՝ նշելով, թե լինում են դեպքեր, երբ նախարարություններից դպրոցական մակարդակի գրություններ են գալիս։ Վարչապետը գուցե ճիշտ է, որ պետական կառավարման համակարգը, մեղմ ասած, արդյունավետ չէ: Սակայն հարկ է նշել, որ պետական կառավարման համակարգից բողոքելուց առաջ վարչապետը պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակում ինքը ևս ունի իր մեղքի բաժինը: Ըստ էության, սրանով նա կասկածի տակ է դնում նաև իր կողմից նշանակված պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմը, քանի որ նախարարությունների գրությունները անցնում են նախարարների կամ պաշտոնակատարների ձեռքի տակով, և հետո՝ նրանք են կոչված համակարգել այդ աշխատանքները: Ստացվում է, որ վարչապետը փոխանակ փորձի տարբեր միջոցներով մեղմել պետական կառավարման ներսում առկա դժգոհությունները և քայլ առ քայլ կառավարման համակարգի գործունեությունը գցի հունի մեջ, առճակատման է գնում պետական համակարգի դեմ, ինչը, դժվար է ասել, թե ինչպիսի բացասական հետևանքների կարող է հանգեցնել: Վերջապես, գուցե պետք է իրականությանը նայել ու հասկանալ, որ «հեղափոխությանը» դիմադրում են ոչ այնքան սևերն ու մնացած բոլոր նրանք, որոնց վրա պարբերաբար վարչապետը բարդում է իր ձախողումների մեղավորությունը, որքան իր թիմի որոշ կարկառուն անդամներ, եթե չասենք՝ մեծամասնությունը»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր