Հայաստանի դիրքորոշումը ԼՂՀ հարցում հստակ ներկայացվել է, այն է՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարություններին։
«Ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման։ Առանց սահմանափակման ասելով նկատի ունենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ. այն է` Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը՝ Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»,-ասաց Նաղդալյանն ու ավելացրեց, որ այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար։
ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ Ադրբեջանը 30 տարուց ավելի ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է՝ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։
«Պարզապես մեկ օրինակ բերեմ։ Վերջերս Ադրբեջանի նախագահը մեղադրում էր հայերին Սումգայիթի հակահայկական ջարդերի կազմակերպման և իրականացման մեջ։ Նման միջավայրում անգամ ավելորդ է դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը։ Սա իրողություն է, որը գեղեցիկ ձևակերպումներով հնարավոր չէ քողարկել»,-նշեց Նաղդալյանը։
Նրա խոսքով, Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման. «Չի կարող լինել որևէ իրավիճակ, որ Արցախի ժողովուրդը մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»։
ԱԳՆ խոսնակը նշեց, որ կամ Ադրբեջանական կողմը ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի, կամ պարզապես չի ցանկանում ընկալել հայկական դիրքորոշումը։
«Այս պարագայում կարող եմ վստահորեն ասել, որ իրենք բավականին լավ ընկալում են այն բոլոր անվտանգության դիտարկումները, որոնք հայկական կողմը ներկայացնում է, պարզապես ձևացնում են, որպեսզի կարողանան արդարացնել իրենց առավելապաշտական դիրքորոշումն այս հարցում։ Ինձ այլ բան չի մնում ասելու, քան այն, որ Արցախի և Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու, իսկ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման հիմնական պատճառը Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է և դրա հիման վրա որևէ առաջընթաց պարզապես բացառվում է»,-ասաց Նաղդալյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչ փաստաթուղթ են քննարկում կողմերը, խոսնակն ասաց. «Բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»։