Այսօր խորհրդարանի նիստի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:
«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց և դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկը՝ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը, իրենց հայրենիքում 1.5մլն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից: Ես ձեր բոլորի անունից ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաև Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին՝ համապատասխանաբար՝ թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ և փաստել, որ այս կարևոր քվեարկությամբ ԱՄՆ միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղված համաշխարհային շարժմանը»,-այսպես սկսեց նիստը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ուզում եմ ընդգծել նաև մեր հանձնառությունը՝ ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար: Մենք՝ որպես ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներ, հանձնառու ենք առաջամարտիկը լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, որպիսի երբեք այլևս մարդկության պատմության նման ամոթալի էջեր չգրանցվեն»,-եզրափակեց իր ելույթը ԱԺ նախագահը, որից հետո բոլոր պատգամավորները հոտնկայս ծափահարություններով ողջունեցին ԱՄՆ Սենատին և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը: Բանաձևն առաջին անգամ է ընդունվել ԱՄՆ Սենատում: