00:00:00

ԱՆ-ն մեկնաբանել է Վարդենիսի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքը

19:18, 11 դեկտեմբեր 2019

ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնաբանել է Վարդենիսի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքը՝ հավելելով, որ դրա մանրամասները կուսումնասիրվեն և կտրվի մասնագիտական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավական գնահատական: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: «Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է: «Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` հղի կինը դեկտեմբերի 10-ին, ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն` նշելով, որ պտղի խաղը չի զգում: Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական գործունեություն չի դիտվել, ուստի միջամտության կարիք, այդ թվում` վիրաբուժական, չի եղել: Սակայն, որովայնի ստորին հատվածում ոչ համաչափ ցավեր նշելու ցուցումով հղին ուղղորդվել է «Մարտունու» ծննդատուն` հետազոտման նպատակով: Հղին «Մարտունու» ծննդատուն է ընդունվել առավոտյան ժամը 7-ին: Ախտորոշվել է պտղի ներարգանդային հիպոքսիա, որի արդյունքում կատարվել է կեսարյան հատում: Դուրս է բերվել պտուղ, որի կյանքը ամբողջ ծավալով կատարված վերակենդանացման միջոցառումներից հետո փրկել չի հաջողվել: Ծննդկանի վիճակի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո առողջապահության նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել կազմակերպելու նրա բուժօգնությունը և անհրաժեշտության դեպքում տեղափոխումը ուղղաթիռի միջոցով, սակայն ոչ թռիչքային եղանակային  պայմանների պատճառով Մարտունու ծննդատուն է մեկնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը` վերակենդանացման բրիգադով: Ավելի ուշ վերջիններիս միացել է նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով առողջապահության նախարարության խորհրդատու Վահե Գյուլխասյանը և  մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու  Վրույր Գրիգորյանը: Մարտունու ծննդատանը` Երևանից մեկնած մասնագետների հետ համատեղ  կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները կնոջ կյանքը փրկելու համար: Ամբողջ ընթացքում խորհրդատվություն է իրականացվել Երևանի առաջատար մասնագետների հետ: Վիճակը կայունացնելուց  հետո կինը տեղափոխվել է «Էրեբունու» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այժմ նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները կուսումնասիրվեն և կտրվի մասնագիտական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավական գնահատական»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր