Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Երևանի քաղաքապետարանն ամանորյա ծախսերը չի ավելացրել, չի ավելացնելու նաև հաջորդ տարի։ 2017 թվականին Երևան քաղաքի բյուջեից ամանորյա ծախսերի համար հատկացվել է 199 մլն դրամ, 2018-ին՝ 167 մլն դրամ, իսկ 2019-ին հատկացվել է 158 մլն դրամ։ «Հետագայում, երբ կառավարությունը լիազորությունները պատվիրակեց քաղաքապետարանին, ծավալները մեծացվեցին։ Ավելացումը տեղի է ունեցել զուտ ծավալների, առաջարկի ընդհանուր տրամաբանության մեջ։ Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել բյուջեն, չի ավելացնելու նաև հաջորդ տարի»,- նշեց փոխքաղաքապետը։
Հիշեցնենք, որ այս տարի ամանորյա տոնակատարություններին նախատեսված է հատկացնել 325 մլն դրամ կամ մոտ 680.000 դոլար գումար:
Տիգրան Վիրաբյանը նշեց, որ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի և նրա խմբի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո։
«Դեկտեմբերի 21-ին ժամը 20։00-ին տեղի կունենա տոնական լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հայկական մոտիվներով, հայաֆիկացված համաշխարհային ամանորյա հիթերի մյուզիքլով։ Հանրապետության հրապարակից ուղիղ եթերով կլինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը»։