00:00:00

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողնվել․ ԿԲ

21:25, 10 դեկտեմբեր 2019 Տնտեսություն

2019 թ. դեկտեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%: 2019 թ. նոյեմբերին գրանցվել է 1.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.0%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 1.0%։ Արտաքին հատվածում դիտվել է տնտեսական անորոշությունների որոշ չափով նվազում, այդուհանդերձ պահպանվում են համաշխարհային տնտեսության աճի ցածր տեմպերը, ինչն արտահայտվում է ինչպես համաշխարհային թույլ պահանջարկի, այնպես էլ միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորված ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ։ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից գնաճային միջավայրի վրա էական ազդեցություններ չեն ակնկալվում: Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը գերազանցել է կանխատեսված մակարդակը, որը կպահպանվի նաև չորրորդ եռամսյակում՝ հիմնականում ծառայությունների ճյուղի նպաստումով պայմանավորված։ Ներքին պահանջարկը ևս մնում է բարձր` պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է նպաստել դրամավարկային խթանող դիրքը: Միաժամանակ, թեպետ տարեսկզբից հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող, այնուամենայնիվ չորրորդ եռամսյակում և հաջորդ տարվա ընթացքում ակնկալվում է, որ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը կլինի խթանող: Հաշվի առնելով արտաքին և ՀՀ տնտեսությունների վերոնշյալ փաստացի և սպասվող զարգացումները, ինչպես նաև շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռևս պահպանել խթանող դիրքը, որի արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով նպատակային ցուցանիշին միջինժամկետ հատվածում: Նշենք, որ ներկայումս գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը ընդհանուր առմամբ հավասարակշռված են, որոնց դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետում։ Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. դեկտեմբերի 24-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2019 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր