Խորհրդարանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, թե Սահմանադրական դատարանն աշխատում է, եթե կառույցն աշխատում է, ուրեմն այդտեղ չկա ճգնաժամ:
«Սահմանադրական դատարանն աշխատում է, տալիս է այն թղթերը, որոնք Ազգային ժողովին պետք են օրենքներ ընդունելու համար, բայց մենք ասում ենք՝ այնտեղ կա ճգնաժամ: Այնտեղ միակ չաշխատող մարդը ձեր կողմից նշանակված Սահմանադրական դատարանի անդամն է:
Նրա աշխատանքը նիստերին գնալն է, մենք իրեն աշխատավարձ ենք տալիս, որպեսզի նա անի դա: Դուք ասում եք՝ նա գնալու է առողջացնի ՍԴ-ն, դե թող առողջացնի: Որևէ մեկին հետաքրքրիր չէ, թե նա իր աշխատասենյակում նստած ինչով է զբաղված, նրա աշխատանքը Սահմանադրական արդարադատություն իրականացնելն է, որը պետք է լինի այդ նիստերին մասնակցելով»,- ընդգծեց պատգամավորը։ Հիշեցնենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի:
Կառավարությունը հաշվարկել է՝ եթե հրաժարական տան ՍԴ նախագահն ու վեց դատավորները, մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պետությունը նրանց տարեկան գրեթե 91 միլիոն դրամ կենսաթոշակ պետք է վճարի: