00:00:00

Հայաստանում 700 հազ. աղքատ քաղաքացիներից 30 հազարը ծայրահեղ աղքատ է. ԱՎԾ-ն տվյալներ է հայտնում

17:36, 09 դեկտեմբեր 2019 Տնտեսություն

Հայաստանում 2018թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 23.5%՝ այսինքն երկրի յուրաքանչյուր 10բնակչից մոտ ամեն չորրորդն ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան` ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը: «Սա նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 23.5 տոկոս աղքատների մեջ 1 տոկոսը ծայրահեղ աղքատ է, 9.6 տոկոսը՝ չափավոր աղքատ, իսկ մնացած 12.9 տոկոսը՝ ուղղակի աղքատ: 2018թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով1), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 315 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 30 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ ինչպես աղքատների ընդհանուր թվաքանակը, այնպես էլ չափավոր և ծայրահեղ աղքատների թվաքանակը նվազել է»,- ասաց նա: Մարիտիրոսովան հայտնեց, որ Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարեւոր գործոնը 2018 թվականի տնտեսության աճն է, որը 2018թ.-ին՝ նախորդ տարվա նկատմամբ՝ 5.2 տոկոսով աճել է: Նշենք, որ զեկույցում օգտագործվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը: Զեկույցը շարադրվել է Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական աջակցությամբ: Աղքատության մակարդակը գնահատվել է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր