00:00:00

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը

09:54, 07 դեկտեմբեր 2019

1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյանին, տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վայրկյանին ցնցվեց Հայաստանի հյուսիսը: Սպիտակի երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվեց 10 բալ: Այն  ընդգրկեց  ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր մոտ 1 մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմեց 8 բալ և ավելին, ընդգրկեց երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվեցին  12500-ը: Զոհվեց 25000-ը: Զոհեր շատ եղան հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար մարդ:  Սպիտակում մահացավ 4 հազար մարդ: Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարեց  գործել 170 արդյունաբերական ձեռնարկությու: Մեծ վնաս կրեցին նաեւ  ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձանները: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան դեկտեմբերի 7-ին հաջորդած 2-ից 3 օր հետո միայն: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվեց ավելի քան 45000 մարդ: Ամբողջությամբ կամ մասամբ ավերվեցին մեքենաշինական, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկությունները, որոնք տարեկան շուրջ 2 մլրդ ռուբլի համախառն արտադրանք ունեին։ Հանրապետության տարածքի 1/3–ի արտադրական և սոցիալական ենթակառուցվածքը դադարեց  գործելուց։ Անմիջական նյութական վնասը 1988թ–ին գնահատվեց 10 մլրդ ռուբլի: Աղետի գոտում տեղադրվեց  50 հազար վրան և 200 դաշտային խոհանոց։ Փրկարարական աշխատանքներին բացի տեղաբնակներից եւ կամավորներից, մասնակցեց մոտ 20 հազար զինվոր ու սպա, փլակատների մաքրման աշխատանքներում ներգրավվեց 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։ Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցեցին ԽՍՀՄ–ի բոլոր հանրապետությունները։ 111 երկիր: Օգնության ձեռք մեկնեցին նաեւ  Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան: Աղետի գոտի եկան մասնագետներ, տրամադրվեց  փրկարարական սարքավորումներ, սննդամթերք և դեղորայք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր