00:00:00

Հենց Հայաստանը, Ադրբեջանը եւ Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվությունը. ԱԳ նախարար

18:18, 06 նոյեմբեր 2019 Քաղաքականություն

Հենց Հայաստանը, Ադրբեջանը եւ Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվությունը եւ հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Այս մասին Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո, իր խոսքում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ադրբեջանի ներկայացուցիչների հարցերին, թե ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», ինչպես նաեւ թե ինչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, նախարար Մնացականյանը նշել է. «Նախեւառաջ կցանկանայի հղում անել նրան, ինչի մասին նշեց Բելառուսի խորհրդարանի հարգարժան անդամը: Կարծում եմ, որ նրա ուղերձը շատ կարեւոր է, որը վերաբերում էր շահառու կողմերի՝ խաղաղ գործընթացի սեփականության զգացումին: Դուք իրավացի եք. Հենց Հայաստանը, Ադրբեջանը եւ Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվությունը եւ հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Սա վերաբերում է նաեւ այն հարցին, որը տալիս էր, կարծեմ, պարոն Բախտիարը: Վարչապետի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարեւոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները եւ ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները: Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որն պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Կարծում եմ, սա նաեւ վերաբերում է բարձրաձայնված մյուս հարցին: Այժմ, ինչպես ես նշեցի, մենք ունենք որոշ առաջարկներ, որոշ գաղափարներ, որոնց հիման վրա մենք փորձում ենք կառուցել, ապաքաղաքականացնել մարդկանց միջեւ շփումները: Ինչպես տեսաք, մենք ունենք այս քաղաքականացված շփումները, մենք փորձում ենք մեղադրել միմյանց, մենք փորձում ենք անտարբեր լինել մյուս կողմերի մտահոգությունների նկատմամբ: Քաղաքականացված երկխոսությունը մեզ ամենեւին անհրաժեշտ չէ: Կան շատ լավ գաղափարներ, եւ կա փոխըմբռնում, ինչպես նաեւ իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում, որ պետք է այնքան զգուշորեն առաջ շարժվենք, որ կարողանանք պահպանել այն, ինչ հիմա փորձում ենք անել, պահպանել այդ հարթակի ստեղծումը, որտեղ որոշակի դրական փորձառություն կարող է ձեւավորվել, ինչի հիման վրա էլ կարող ենք կատարել հետագա քայլեր: Ես բերեցի լրագրողների օրինակը: Մենք կարող ենք տարածաշրջանում ձեւավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մի նոր նարատիվ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր