Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանի հրաժարականի դիմումը, որը դեռեւս չի ստորագրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բավականին ուշագրավ զարգացումներ է ստանում։ Հայտարարելով իր հրաժարականի մասին Պետրոսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ունի խորը անհամաձայնություն կառավարության ոլորտային քաղաքականության հետ։ Խոսքը ոչ միայն կադաստրի, այլեւ լայն՝ քաղաքաշինության ոլորտի մասին էր:
Պետրոսյանը, ով համարվում էր նոր Հայաստանի լավագույն կադրերից մեկը հայտարարել էր, որ միաժամանակ այդ քաղաքականությունը փոխելու հարցում անկարող է։
Հետագա օրերին ակնհայտ դարձավ, որ այդ անկարողությունը պայմանավորված էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանով եւ քաղշինկոմիտեի ներկայիս ղեկավար Վահագն Վերմիշյանով։ Էլոյանն ու Վերմիշյանը Ավինյանի կադրեր են գործադիրում եւ փաստացի Սարհատ Պետրոսյանի ուղղակի մեղադրանքներն ուղղված են Ավիանյան Տիգրանին։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պետրոսյանի հրաժարականի դիմումին Տիգրան Ավինյանն ասել է, որ Կադաստրի եւ քաղաքաշինության ոլորտները պետք է տարբերակել, եւ Սարհատ Պետրոսյանը չի էլ պատկերացնում քաղաքաշինության ոլորտի խնդիրները:
Միեւնույն ժամանակ, Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ այլեւս չի կարող հանդուրժել կոռումպացված թայֆայականությունը: Դրա վերաբերյալ Տիգրան Ավինյանը լրագրողներին հորդորել էր հարցերն ուղղել Պետրոսյանին:
Պետրոսյանի այս հայտարարությունը ըստ էության պետք է դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում։ Ակնհայտ է, որ Սարհատ Պետրոսյանը դեռ ասելիք ունի, ինչի վերաբերյալ արդեն իսկ գրառում է արել, հայտնելով, որ մեկնում է արձակուրդ եւ արձակուրդից հետո կանդրադառնա այս օրերին հնչած հարցադրումներին ու «ջախջախիչ քննադատությանը»։
Դատելով հեռակա բանավեճերից եւ միմյանց հասցեին հնչող քննադատություններից կարելի է ենթադրել, որ իշխանության ներսում կա խորը անհամաձայնություն, որը արտահայտվում է հրաժարականների տեսքով։ Սակայն փաստ է, որ նման գործընթացների զարգացումը տեւական ժամանակ հանրությանը որպես հրաժարական մատուցել հնարավոր չէ։ «Գլխից է պետք բռնել… մեծերի»:
Irakanum.am