irakanum.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ՝ փորձելով պարզել՝ վերջինս ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանձնարարականով կրկնապատկել է նախարարների աշխատավարձերը։
«Առհասարակ, ես միշտ անհրաժեշտ եմ համարել աշխատավարձերի բարձրացումը, բայց դա պետք է լինի թափանցիկ։ Պաշտոնյաների պարագայում օրենքը պահանջում է, որ վերջիններիս ունեցվածքը հայտարարգրվի, իսկ նրանց եկամուտը գոյանում է աշխատավարձերից, հետևաբար՝ թափանցիկության հետ կապված՝ խնդիր է առաջանում նաև այս տեսանյունից», - ասաց Անի Խաչատրյանը՝ շեշտելով՝ բոլորովին արդարացված չէ, որ նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը բարձրացնեն այն դեպքում, երբ մեր երկրում դասախոսը, գիտաշխատողը, ուսուցիչը և այլ մասնագետները ստանում են ցածր աշխատավարձեր։
Հիշեցնենք, որ, ըստ ՀԵՏՔ-ի հրապարակման, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացվել է նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, և այդ հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։ Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։
Անի Խաչատրյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ իշխանությունը վստահության քվե է ստացել, և նման դեպքերում պետք է հաշվետու լինի ժողովրդին։
Ավագանու անդամը հիշեցրեց՝ իզուր չէ, որ ամիսներ առաջ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ աշխատավարձերը բարձրացնելու նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց։
«Այդ աղմուկից հետո «Լույս» խմբակցությունը քաղաքապետին առաջարկեց համաչափ բարձրացնել աշխատավարձերը, ոչ թե միայն ղեկավար խավի աշխատավարձերը։ Մենք քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների ախատավարձերը մոտ 35 տոկոսով բարձրացնելու առաջարկ ենք ներկայացրել ամիսներ առաջ, և այդ առաջարկն այդպես էլ չքննարկվեց», - ասաց Անի Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը «գաղտնի» բարձրացելու փաստին հասարակությունը կարձագանքի նույնքան բացասական, որքան ժամանակին քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայացրած նախագծին, քանի որ վստահության քվե տվողը պահանջում է թափանցիկություն։