Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մատթեոս» ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը Համազգային մշակութային միության Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախմբի և Գյումրու դրամատիկական թատրոնի համատեղ աշխատանքն է: Բեմադրության ռեժիսորը լիբանանահայ ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասեանն է, դերասանական կազմը՝ աճեմյանցիները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, դերասան Արսեն Սաղաթելյանը և դերասանուհի Ջեմմա Ադամյանը:
Դեռ մեկ տարի առաջ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր հյուրախաղերով Լիբանանում՝ Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հրավերով, իսկ այս տարի արդեն փոխայցելությամբ Լիբանանի թատրոնը: «Բարի լույս, պարոն Մատթեոս» ներկայացմամբ հիմք է դրվել համատեղ աշխատանքի:
Կարևորելով նմանատիպ համագործակցությունը՝ Համազգային մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճիանը նշեց, որ այս համագործակցությունն ավելին է, քան պարզապես փոխայցելությունը: «Սա սովորական այցելություն չէ, այլ գործնական քայլ: Մենք դեռ ունենք հեռանկարներ, ավելին անելու՝ դերասանների, կամ բեմադրիչների փոխանակումներ, համատեղ ներկայացումներ և այլն ու ոչ միայն Գյումրիի թատրոնի, այլ նաև երևանյան թատրոնների հետ»,-նշեց Մարտիկ Դեմիրճիանը՝տեղեկացնելով, որ ներկայացումը խնկարկում է Արա Արծրունու հիշատակի, որ մեկ տարի առաջ հեռացավ կյանքից: «Արա Արծրունին լիբանանահայ հեղինակ է և իր ժամանակի խիզախ մտավորականն է, ով մեր համար հատուկ նշանակություն ունի »:
Ինչպես տեղեկացնում է « «Գասպար Իփեկյան» թատերախումբը, ներկայացումից հետո պարգևատրվեց ոչ միայն հանդիսատեսի ջերմ ծափողջյուններով, այլև արժանացավ Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի պատվոգրերին:
Համազգայինի թատերասերների խումբը հիմնվել է 1942 թվականին բեմադրիչ Գասպար Իփեկյանի կողմից: Ժորժ Սարգսյանը թատերախմբի գլխավոր դերակատարներից էր: Գասպար Իփեկյանից հետո խումբը ղեկավարեց Ժորժ Սարգսյանը, ով ավելի քան 30 տարի անձնվիրաբար ծառայեց հայ թատրոնին ու մշակույթին: Հետագայում թատերախումբը կոչվեց իր հիմնադրի՝ Գասպար Իփեկյանի անունով: Ժորժ Սարգսյանի ղեկավարությամբ թատերախումբը նոր զարգացում ապրեց՝ ամրապնդելով դիրքերը նախ Լիբանանի մեջ, այնուհետև վաստակեց համասփյուռքյան համբավ: Ժորժ Սարգսյանի շնորհիվ սփյուռքահայ թատրոնը հասավ իր գագաթնակետին: Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլ երկրներում: