00:00:00

Մատենադարանը կհյուրընկալի Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

21:09, 05 հոկտեմբեր 2019

Հովհաննես Թումանյանի թանգարանը հոկտեմբերի 11-13-ը կազմակերպում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և ցուցահանդես: Գիտաժողովը նվիրված է Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։ «Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում: Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության ստորաբաժանման ավագ համակարգող  (ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ` Ստեֆանիա Ջանինիի անունից) Ինգա Նիշանյանը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը: Գիտաժողովին զեկույցներ են ներկայացնելու Իտալիայից, Անգլիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից և Վրաստանից ժամանած հյուրեր, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներ: «Թուղթ ու թիթեղ կամ մանկության պահնորդները» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը  տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում: Միջազգային գիտաժողովը և ցուցահանդեսը իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակում, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի, ինչպես նաև  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր