00:00:00

Վաչե Տերտերյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

19:13, 04 հոկտեմբեր 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրին   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանի և ԱԶԲ-ի միջև արդյունավետ և ծրագրահեն համագործակցության հաստատման գործում անձնական և մասնագիտական մեծ ներդրում ունենալու համար։ Փոխնախարարը մասնավորապես առանձնացրել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունքում արձանագրված ձեռբերումները և համոզմունք հայտնել, որ հաստատված դինամիկ և փոխշահավետ փոխգործակցությունը իր դրսևորումները կստանա ապագային միտված նոր նախագծերում։ Շեյն Ռոզենթալը իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին համատեղ աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալ կառավարչական որակների և խորհրդատվական օժանդակության համար և գոհունակությամբ փաստել, որ երկուստեք ջանքերի շնորհիվ կողմերին հաջողվել է որակական նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-ԱԶԲ փոխգործակցությունը։ Շեյն Ռոզենթալը գործընկերներին ներկայացրել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին։ Ավարտին Վաչե Տերտերյանը նկատել է, որ երկու կողմերի միջև առկա ընդարձակ ընդգրկում և արդյունավետ գործառնում ունեցող ծրագրային հենքն իր մեջ ներառում է զարգացման դեռևս չօգտագործված մեծ ներուժ։ Փոխնախարարը վերահաստատել է տարածքների համաչափ զարգացմանը և ենթակառուցվածքային հզորությունների բարելավմանը միտված բանկի հետ համագործակցության խորացման հայկական կողմի պատրաստակամությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր