00:00:00

Քննարկվել են Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները

16:54, 04 հոկտեմբեր 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով նախարարի տեղակալ Քարիմ Ամիրիի գլխավորությամբ: Ինչպես  հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ կենդանիների տարանցիկ տեղափոխումն իրականացվելու է միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան: Նա պատրաստակամություն է հայտնել Իրանի սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով մասնագետներին տրամադրել տեղեկություններ կենդանիների առողջության պահպանմանն ուղղված պետական միջոցառումների, պատվաստումների պլանավորման, ինչպես նաև վերահսկողական գործիքների ու մեխանիզմների մասին: Հյուրերին կտրամադրվի նաև անհրաժեշտ օրենսդրական փաթեթը: Ըստ Քարիմ Ամիրիի, այս հանդիպումը կնպաստի ոչ միայն ԻԻՀ հայկական գյուղատնտեսական կենդանիների արտահանման ծավալների մեծացմանը այլև կխթանի այլ երկրներ արտահանելու համար՝ օգտագործելով Իրանի՝ որպես տարանցիկ երկրի, հնարավորությունները: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել հնարավոր բոլոր միջոցներով նպաստել երկու երկրների միջև արտահանման ծավալների մեծացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր