00:00:00

Մշտադիտարկում ՝ թարմ մսի վաճառքի կետերում. արձանագրվել են խախտումներ

23:02, 25 սեպտեմբեր 2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հանրապետության մարզերի մսի շուկաների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսել նաև Երևանի Խորենացի փողոցում (Գում-ի շուկայի հարակից տարածքում) գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն է հսկել ստացված մսի ծագումն ու տեղափոխման պայմանները, ինչպես նաև ստուգել մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր շրջել է Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերում, տնտեսավարողներին հորդորել պահպանել մսի և ենթամթերքի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները և գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար: «Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն, որպեսզի տնտեսավարողը կարողանա սահմանված ժամկետներում կատարել անցումը սպանդանոցային մսի վաճառքի, ինչպես նաև ապահովել մեր բնակչությանը սառնարանային պայմաններում պահվող, անասնաբուժասանիտարական անհրաժեշտ փաստաթղթեր ունեցող, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններում վաճառվող մսով»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը: Սեպտեմբերի 16-ից Տեսչական մարմնի մասնագետները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Եղել են դեպքեր, երբ սպասարկող անասնաբույժի տրամադրած փաստաթուղթը չի համապատասխանել առկա մսեղիքին: Բոլոր այն դեպքերում, երբ միսը կասկածելի է համարվել, կատարվել է նմուշառում (67 նմուշ) և տրվել անասնաբուժասանիտարական փորձաքննության հենց խորենացու փողոցում տեղակայված շարժական լաբորատորիայում: Արձանագրվել է 4 դեպք, երբ վերցված նմուշները պիտանի չեն եղել սննդի համար. այդ խմբաքանակները ոչնչացվել են: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ միսը տեղափոխվել է մսի տեղափոխման համար չնախատեսված, սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող մարդատար ավտոմեքենաներով: Այդ մսեղիքը նույնպես ենթարկվել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ մսի շուկայում պարբերական ստուգումները շարունակվելու են. «Եվս մեկ անգամ տնտեսավարողներին հիշեցնում ենք. միսն ու ենթամթերքն անհրաժեշտ է ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում, վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով, մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր արտահագուստ, իսկ յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը վաճառքի կետերում պարտադիր է: Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր