00:00:00

Նախարարությունը հետևում է ԵՊՀ-ում տիրող իրավիճակին. փոխնախարար

16:47, 25 սեպտեմբեր 2019

Կրթության գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանն անդրադարձավ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցող իրավիճակին։ Անափիոսյանն ասաց, որ բարձրագույն կրթության ոլորտում նախարարության դերակատարումը բավականին պարադոքսալ է։ «Ցանկացած ժամանակ, երբ որ նախարարությունը փորձում է միջամտել բուհի գործերին և փորձում է որոշում ունենալ բուհի գործերում, բուհը նշում է ինստիտուցիոնալ անկախության մասին»․- ընդգծեց փոխնախարարը։ Ըստ նրա՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում իր ներկայացված անձանցից բացի, նախարարությունը այլ կերպ չի կարող մասնակցություն ունենալ։ Նա հավելեց, որ խորհրդակցական հանդիպումներ ունենում են տիրող իրավիճակի կապակցությամբ։ Դիտարկմանը, թե ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հեռացման հարցում նախարարությունը ակտիվություն էր ցուցաբերում, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանը, փոխնախարարն ասաց, որ դրանք մեկնաբանություններ են, որոնց իմաստ չունի տուրք տալ։ «Կարծում եմ, որ տարի և 4,5 ամսվա գործունեությունը եկել է ապացուցելու, որ օրինականության սահմաններից դուրս կես միլիմետր քայլ մենք չենք իրականացնում»,- եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ որոշակի լարվածություն է նկատվում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և  ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանի, ուսխորհրդի, ԵՊՀ աշխատակիցների միջև։ Գևորգյանի դեմ դատական հայց էր ներկայացրել ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը. «Բանն այն է, որ ես ԵՊՀ-ի հետ ունեի անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որը իմ վարչության վերակազմավորումից հետո ԵՊՀ նոր ղեկավարությունն ապօրինաբար դարձրել է մինչև դեկտեմբերի 31-ը: Այս փաստը հայտնաբերել եմ պատահականորեն և դա ևս համարում եմ էթիկական լուրջ բացթողում ներկայիս ժամանակավոր ղեկավարության կողմից: Երեք անգամ հարցը բարձրացրել եմ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյանի մոտ, ինչին ստացել եմ պատասխան, որ «ինքն էլ ժամանակին շատ բան ուներ»: Դրանից հետո խորհրդակցել եմ կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ և հասկանալով, թե ինչքան ողբալի վիճակում է գտնվում պատասխանատուների իրավական գիտելիքների մակարդակը, որոշել եմ դիմել դատարան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Էմին-Տերյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր