Մոսկվայում սեպտեմբերի 24-ին անցկացվող բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային համագումարի (INCOSAI) շրջանակներում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ գրասենյակի (GAO) ղեկավար Ջենե Դոդարոյի միջև:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղար Մանե Մինասյանը, հանդիպման ընթացքում հաշվեքննիչ մարմինների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա ընթացքը:
Լևոն Յոլյանը բարձր է գնահատել GAO-ի առանցքային դերը բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպությունում (INTOSAI): Այնուհետև, պալատի նախագահը նշել է Հաշվեքննիչ պալատում իրականացվող մասնագիտական կարողությունների հզորացման ծրագրերի մասին՝ կարևորելով GAO-ի գերազանցության կենտրոնի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված Հաշվեքննիչ պալատի արտաքին գնահատումը, որի արդյունքները հաշվի կառնվի Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակման համար:
Ջենե Դոդարոն պատասխան խոսքում հաստատել է երկու երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև համագործակցության բարձր մակարդակը: Միաժամանակ, ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս շարունակելու GAO-ի գերազանցության կենտրոնի կարողությունների շրջանակներում աջակցել Հայաստանի հաշվեքննիչ պալատի մասնագիտական կարողությունների հզորացմանը՝ GAO-USAID հաշվետվողականության բարձրացմանն ուղղված համատեղ հուշագրի շրջանակներում:
Լևոն Յոլյանն իր եզրափակիչ խոսքում Ջենե Դոդարոյին պաշտոնապես հրավիրել է Հայաստան՝ համատեղ հետաքրքրության հարցերի շուրջ հետագա քննարկումների նպատակով: