ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ:
Նախարար Մանացականյանը շնորհավորել է իր ֆինն գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ է մաղթել այդ պատասխանատու առաքելության մեջ:
Արտգործնախարարներն արտահայտել են փոխադարձ պատրաստակամություն՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ: Ընդգծվել է թիրախային ուղղություններ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտների ներկայացուցիչների միջև կապերի խթանման կարևորությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ, ինչպես նաև անդրադարձան Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և ամրապնդմանը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ֆինն գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
Զրուցակիցները կարևորել են հակամարտության կողմերի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: