00:00:00

Թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են կառավարության հիմնական գործելաոճը. Ավինյան

18:58, 24 սեպտեմբեր 2019 Հասարակություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019»-ին: Ինչպես հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, իր ողջույնի խոսքում փոխվարչապետն ասել է. «Կառավարության հարգելի՛ անդամներ, Հարգելի՛ հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ ձեզ հանրային և մասնավոր հատվածներում թափանցիկությանը նվիրված այս կարևոր միջոցառմանը։ Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են մեր կառավարության հիմնական գործելաոճը և ուղենիշը: Ակնհայտ է, որ թափանցիկ և հաշվետու կառավարումն այլընտրանք չունի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածում: Բոլորովին վերջերս մեկնարկեց Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների իրականացման և դրանից բխող ռազմավարության մշակման գործընթացը, որը նպատակ ունի ամբողջությամբ վերանայելու կառավարման համակարգը: Այս գործընթացում մենք կարևորում ենք   պետական քաղաքականության մշակման, հանրային ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման, հաշվետվողականության և բարեվարքության ապահովմանն ուղղված կառուցակարգերի ստեղծումը և դրանց կիրառումը: Կցանկանայի հատուկ շեշտել, որ վերոնշյալ գործընթացում կենսական նշանակություն ունի բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող բարեփոխումներին քաղաքացիական հասարակության ու բիզնեսի անմիջական մասնակցությունը: Թեև առաջնայնորեն խոսվում է պետական համակարգում կոռուպցիայի և դրա դրսևորումների մասին, սակայն մասնավոր ոլորտը ևս գտնվում է բոլորիս ուշադրության կենտրոնում: Նշեմ, որ  կառավարությունը իր ծրագրի միջոցով հանձն է առել տնտեսական գործունեության իրականացման համար ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ: Ըստ այդմ, մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում ձեռներեցության ու նորարարության խթանման, պետական կարգավորումների և հարկային ու մաքսային քաղաքականության առավելագույն պարզեցման, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, ներդրումային խոշոր ծրագրերի մասով ներդրվում են պետություն-մասնավոր համագործակցության նոր կառուցակարգեր,  կառավարությունը փուլային եղանակով թվայնացնում է քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունները՝ վարչական բեռը թեթևացնելու և կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով, մեծածավալ աշխատանքներ են տարվում հակամրցակցային ոլորտում: Հարգելի՛ գործընկերներ, Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսը խաղում է միաժամանակ պասիվ և ակտիվ դեր:  Պասիվ առումով բիզնեսը պարտավոր է ենթարկվել պետության սահմանած խաղի կանոններին և օրենքներին, սակայն, կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի գործառույթները միայն պասիվ դերով չեն սահմանափակվում: Մասնավոր ընկերություններն իրենց հերթին պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային և օրենսդրական չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար, նախաձեռնողականություն դրսևորեն հակակոռուպցիոն ներքին ընթացակարգերի ներդրման հարցում: Այս համատեքստում կարևորում եմ նաև կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ արդյունավետ պայքարը՝ ընկերությունների իրական սեփակա­նատերերի մասին տեղեկատվության բացա­հայտ­ման ու հրապարակման միջոցով: Հարգելի՛ ներկաներ, Լիահույս եմ, որ այստեղ ներկա միջազգային գործընկերների, պետական համակարգի, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր բավականին արդյունավետ քննարկում կունենանք և կկարողանանք նախանշել այն հիմնական  խնդիրները ու թիրախները, որոնցով պետք է առաջնորդվել հետագա քայլերը սահմանելիս: Քանի որ այսօրվա միջոցառումը կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության ամրապնդման գործում պետական-մասնավոր ջանքերի մեկտեղման լավ օրինակ է, թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» և  «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերություններին արդյունավետ համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի այս վճռական փուլում իրենց ներդրումն ունենալու համար: Շնորհակալություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր