Մամուլին մանրամասներ են հայտնի դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ-Նիկոլ Փաշինյան հանդիպումից, որը տեղի է ունեցել մոտ տասն օր առաջ։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետն իրականում այնքան էլ գոհ չէ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունից, ավելին` նրանցից մի քանիսին մեղադրել է նաև մանիպուլյացիաներ անելու մեջ, և խոսքը հատկապես վերաբերել է Ամուլսարի հանքի շահագործման թեմային։
Իրավիճակը հանգեցրել է նրան, որ վարչապետը հայտարարել է` և´ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու:
Հարց է առաջանում․ այդ դեպքում Փաշինյանի վարկանիշը չի՞ նվազի նման որոշումների արդյունքում, և արդյո՞ք հասարակությունը դեմ չի գնա այս որոշումներին։
Անդրադառնալով վերոնշյալ հարցերին՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Մինչև հանքի շահագործումը դեռ շատ փուլեր կան, որոնք պետք է անցնել ու դեռ չենք անցել։ Դժվար է ասել՝ ինչ կլինի այդ ընթացքում։ Ամեն փուլ ու ենթափուլ «եթե»-ներ ունի»։
Խոսելով Փաշինյանի վարկանիշի մասին ՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց՝ ցանկացած երկրում շատ բարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործչի վարկանիշ ժամանակի ընթացքում անկում է ապրում․ դա օրինաչափություն է, ուստի Փաշինյանը բացառություն չի կազմում և չի կազմելու։
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ մեր թղթակցի հետ զրույցում խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին՝ ընդգծեց՝ նրա վարկանիշը կտրուկ անկում է ապրել։
«Նա այլևս վարկանիշ չունի․ իր կոչերը, հրահանգները հենց դրա մասին են խոսում։ Ամենաճիշտը հենց ինքն գիտի, որ իր վարկանիշը կտրուկ անկում է ապրել, ուստի կատարում է այդպիսի կացնային, կոշտ գործողություններ, կոշտ հայտարարություններ է անում։ Սա նրա «կարապի երգ»-ի արտահայտությունն է, Փաշինյանի իշխանության վերջն է», - նշեց Մարգարիտ Եսայանը։
Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացներին հետևող ցանկացած քաղաքացի պարզ տեսնում է՝ Փաշինյանի իշխանությունը դառնում է բռնապետական իշխանություն․ դա պայմանավորված է նաև փաշինյանի անձի առանձնահատկությամբ։
«Գիտե՞ք՝ ժողովրդական մի լավ խոսք կա․ ասում են՝ մարդուն իշխանություն, պաշտոն տո՛ւր և փորձի՛ր, իհարկե, Հայաստանը փորձադաշտ չէ, և վստահ եմ՝ այս փորձությունը երկար չի տևի։ Միանշանակ, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սահուն քայլերով գնում է դեպի բռնապետություն։ Մեր հասարակությունը պիտի շատ սթափ գնահատի այս իրավիճակը, իր խոսքն ասի, իր «ոչ»-ն ասի Փաշինյանին», - ընդգծեց Մարգարիտ Եսայանը։