00:00:00

Ինչո՞վ կավարտվի Փաշինյանի ու Վանեցյանի հեռակա «փոխհրաձգությունը»

18:33, 23 սեպտեմբեր 2019

Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ անդրադարձել է  ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին: «Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը: Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»,-  նշել էր   վարչապետը: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադարձել է իր մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը․ տեղեկացնում է hraparak.am-ը։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։ Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու», -   նշել է Արթուր Վանեցյանը։ Վանեցյանն իր հայտարարությունում անդրադարձել էր նաև Փաշինյանի այն արտահայտությանը, որտեղ նա նշել էր  Վանեցյանի նախորդ հայտարարության ու իր արարքով սպայի «ուսադիրն աղբամանը գցելու» մասին։ «Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»,-ասել է Վանեցյանը։ Հարց     է  առաջանում․ ինչո՞վ կավարտվի Փաշինյանի ու Վանեցյանի հեռակա «փոխհրաձգությունը», հնարավո՞ր է, որ լինեն անսպասելի զարգացումներ․ անդրադառնալով վերոնշյալ   հարցին՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Անսպասելի բան միշտ էլ կարող է տեղի ունենալ։ Մեր կյանքը հիմա էլ լի է անակնկալներով։ Դետալների մեջ չխորանանք՝ ով  առաջինն ինչ ասաց։ Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացնում։ Նրան հերթական ընտրություններում կտեսնենք  որպես նոր ընդդիմություն։ Վանեցյանը հիմա  փաստացի ընդդիմանում է Փաշինյանին, բայց  նա դուրս է մղում նախորդ ընդդիմությունների  հայտնի ու ժամկետանց ընդդիմությանը․ Ի դեմս  Վանեցյանի՝  մեր աչքի առաջ նոր ընդդիմություն է  ձևավովրվում»։   Վանեցյանն իր հայտարարության   մեջ նշում է՝  իր հրաժարակիանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդիկ է ուղարկում իր մոտ՝ խնդրանքով, որ  որոշ ժամանակ  Վանեցյանը լռի։ Ըստ Ազատ Արշակյանի՝ Վանեցյանը վրիպել է՝ իր հայտարարության մեւջ նման հատված ներառելով, քանի որ նա ի պաշտոնե տրամաբանորեն բազմաթիվ գաղտնիքներ  գիտի, ուստի պետք   է  որոշակի ժամանակահատված  շարունակի համագործակցել ներկայից իշխանության հետ ու, ըստ էության, շարունակի ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ «Լոս Անջելեոսում Փաշինյանը հայտարարեց՝  համայն հայությունը պետք է համագործակցի ՀՀ իշխանության հետ, որպեսզի շարունակվի  նոր Հայաստանը կառուցելու գործընթացը, հետևաբար կարծում եմ՝ Վանեցյանը վրիպել է՝ նման բան ասելով, քանի որ նա այդ գերատեսչության ղեկավարն է եղել», -  ասաց Ազատ Արշակյանը։ Նա ընդգծեց՝ համաձայն չէ այն պնդումներին, թե հինգ տարին չլրացած՝ Փաշինյանը  և նրա իշխանությունը կհեռանան, քանի որ Արշակյանի պնդմամբ՝ Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր ստանձնած պարտավորությունները։ «Անձամբ ստանձնած պարտավորությունները կատարում է ՝ բնական շեղումներով, բայց, իհարկե, կադրային քաղաքականության մեջ կան շտկելու բաներ։Փաշինյանը հաջող է  պաշտոնավարում, նրա  ամերիկյան այցը ևս խոսում է այդ մասին, ավելին՝ կարծում եմ՝ եթե նա այսպես շարունակի աշխատել,  հաջորդ անգամ էլ կընտրվի», -  ասաց Ազատ Արշակյանը։ Մեր թղթակցի դիտարկմանը՝ ակնհայտ  է՝ Փաշինյանի թիմում կան գործիչներ, որոնք մեղմ ասած՝ իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարում, որոշ պատգամավորներ մշտապես խուսափում են հարցերից, որոշներն էլ իրենց  պատգամավորական  գործունեության ընթացքում աչքի չեն ընկնել ջանասիրությամբ, ոչ մի անգամ հարցեր  չեն ուղղել, ելույթ չեն ունեցել,  թեև նույնատիպ երևույթների համար  վարչապետը նախկին իշխությություններին     քննադատում էր, Ազատ Արշակյանը   պատասխանեց․ «Կարծում եմ՝ Փաշինյանը պետք է  թարմություն մտցնի կադրային քաղաքականության մեջ։ Նիրհ, քուն, ծուլություն, անտեղյակություն․․․ այսպիսի բաներ, այո՛, կան․ պետք է սառը ցնցուղ  լինի։ Փաշինյանը պետք է իր թիմակիցների նկատմամբ կարողանա կոշտ հայտարարություններ անել, խիստ ու կտրուկ լինել, ինչպես եղավ Վանեցյանի պարագայում, թեև Վանեցյանի դեպքում չասված բաներ կան․ դեռ հստակ էլ չէ․ Վանեցյանը հեռացա՞վ, թե՞ հեռացվեց, թեև Վանեցյանի հայտարարությունից   երևում էր՝ նա հեռացել է։ Այնուամենայիվ,  վերահաստատում եմ՝ վատ աշխատողները պետք է հեռանան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր