00:00:00

Երեւանի ավագանու նիստերը պետք է դռնբաց լինեն. հարցը կհասնի Եվրադատարան

17:59, 26 մարտ 2018

Երեւանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու օրենքի փոփոխությունը պետք է քննարկվի Եվրադատարանում։  Այս մասին այսօր «Մամուլի առջեւ փակվող դռների հետեւանքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։ «Մենք մի շարք գործողություններ ունենք պլանավորած, որոնց մասին դեռ չենք խոսելու, որ  հակառակ կողմը չնախապատրաստվի դրան, բայց  ակնհայտ է՝ խնդիրը պետք է հասնի մինչեւ Եվրադատարան։  Ակնհայտ հակասություն կա Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 10–րդ հոդվածի,   Եվրոպական դատարանի սահմանած սկզբունքների  եւ այս օրենքի միջեւ։ Մամուլի ազատության յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի օրենքի տեսքով եւ ունենա օրինական նպատակ։ Եվարադատարանում պետք է քննարկում ծավալել՝ արդյոք այն բխում է օրինական նպատակներից»,-ասաց Դոյդոյանը:

Ըստ նրա, իշխանությունն ասում է, որ ուզում են ապահովել  քաղաքապետարանում անվտանգությունը, ուզում են անկաշկանդ, հանգիստ աշխատել: «Սա կարող է լինել օրինական նպատակ, բայց 3–րդ պահանջը, որն է՝ յուրաքանչյուր  սահամանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում, պետք է առկա լինի հասարակական պահանջ։ Այս սահմանափակոււմը կիրառելու համար, բնականաբար, չկա այդ պահանջը։ Ընդհակառակը սուր հասարակական պահանջը պահանջում է, որ ավագանու նիստերը պետք է անցկացվեն դռնբաց»,–ընդգծեց Շուշան Դոյդոյանը։

Վերջինիս մյուս մտահոգությունը վերաբերում է Ազգային ժողովի գործելաոճին, որն առանց հասարակական քննարկումների անցկացնում է ցանկացած օրենք։ Հիշեցնենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով Երեւանի ավագանու նիստերին լրագրողները չեն կարող մասնակցել: Այս նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ այն բանից հետո, երբ ավագանու նիստերից մեկում «Երկիր ծիրանի» խմբակցությունը կոյուղաջրով լի տարաներով էր ներկայացել նիստին եւ այն փորձեց  անձամբ նվիրել Տարոն Մարգարյանին։ ՀՀԿ–ականները հարձակվեցին կանաց վրա եւ նրանց ծեծի ենթարկեցին՝  բռնի ուժով դուրս բերելով նիստերի դահլիճից։ Այս սկանդալից հետո Տարոն Մարգարյանը որոշեց պարզապես լրագրողներին արգելել ներկա լինել նիստին, փոխարենը առաջարկելով նիստին հետեւել այլ սրահից առցանց։ Երբ բարձրաձայնվեց, որ  դա օրենքով է կարգավորված եւ դրա իրավունքը քաղաքապետը չունի, ԱԺ–ում անցկացրեցին հիշյալ նախագիծը։  Այսինքն՝ ապրիլի 27–ի ավագանու նիստին արդեն լրագրողներ ներկա չեն լինի: Նշենք, որ խորհրդարանական կառավարման համակարգին ապրիլից ամբողջությամբ անցնելուց հետո դռնփակ կլինի նաեւ կառավարության ամենշաբաթյա նիստը։ Կառավարության նիստին լրագրողները հնարավարություն չեն ունենա նույնիսկ առցանց հետեւել, պարզապես դրա մասին կտեղեկանան  պաշտոնական հաղորդագրությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր