Irakanum.am-ը շարունակում է ներկայայացնել «Սպորտը հայտնի մարդկանց կյանքում» շարքը։ Այս անգամ մեր զրուցակիցը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
- Մարզասե՞ր եք, արդյո՞ք զբաղվում եք սպորտով, մարզասրահ հաճախո՞ւմ եք։
- Գրեթե 5 տարի զբաղվել եմ թաեքվոնդոյով, 2 տարի մեծ թենիսով, բայց վաղուց դադարել եմ սպորտով զբաղվել:
- Ֆուտբոլասե՞ր եք, եթե այո, ո՞ր ֆուտբոլային ակումբի կամ հավաքականի երկրպագուն եք։
-Ֆուտբոլ չեմ դիտում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանն է մրցում այլ երկրի հետ, և երկրպագում եմ մերոնց։
- Ուժային մարզաձևեր սիրո՞ւմ եք, որո՞նք կառանձնացնեք։
- Արդեն նշեցի, որ 5 տարի զբաղվել եմ ուժային մարզաձևով և երևի հենց թաեքվոնդոն էլ կառանձնացնեմ:
-Ի՞նչ եք կարծում, աղջիկը պե՞տք է զբաղվի ուժային մարզաձևերով, թե՞ դրան կողմ չեք։
- Քանի որ ինքս էլ զբաղվել եմ ուժային մարզաձևով, կողմ եմ, ավելին՝ աղջիկներին երբեմն նույնիսկ ինքնապաշտպանության համար է անհրաժեշտ, բայց կարծում եմ՝ սիրողական մակարդակն ավելի ճիշտ է աղջիկների համար:
-Եթե մարզիկ լինեիք, ո՞ր մարզաձևում հանդես կգայիք։
Դժվարանում եմ ասել, երևի կընտրեի մեծ թենիսը:
Շատ եմ սիրում…
- Կա՞ն մարզիկներ, որոնց սիրում ու երկրպագում եք։
- Երկրպագում եմ Հայաստանի դրոշի տակ հանդես եկող բոլոր մարզիկներին:
- Ո՞ր մարզիկներին կարող եք համարել լեգենդար։
- Ինձ համար լեգենդ է հայ սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն ջրասուզալողորդ Շավարշ Կարապետյանը, ում հերոսության մասին Հայաստանում գիտի երևի յուրաքանչյուր մարդ:
Բոլորը գիտեն Երևանյան լճում խորտակված տրոլեյբուսի մասին, որտեղից լողորդ Շավարշ Կարապետյանը տասնյակ կյանքեր փրկեց: Նա առանց երկմտելու գնաց մարդկանց փրկելու՝ հստակ գիտակցելով, որ նման ծանր սուզումները կարող են վերջ դնել իր մարզական կարիերային։ Այս դեպքից ինը տարի անց Շավարշը կրկին առաջիններից էր, որը հայտնվեց մարզահամերգային համալիրի այրվող շենքում ու օգնեց հրշեջներին:
Այդտեղ նա այրվածքներ ու վնասվածքներ ստացավ, որոնք նրա կարիերայի ավարտի պատճառը դարձան: Այսպիսին է լինում լեգենդը իմ պատկերացմամբ, ում առողջ մարմնում լինում է նաև առողջ ոգի:
- Ի՞նչ եք կարծում, սպորտի որոտը Հայաստանում պատկան մարմինների կողմից համապատասխան ուշադրության արժանանո՞ւմ է, ոլորտում առկա խնդիրները ժամանակի ընթացքում լուծվո՞ւմ են։ Լավ կամ բացառիկ տվյալներ ունեցող մարզիկները համապատասխան ուշադրության ու հոգածության արժանանո՞ւմ են մեր երկրում։
- Հայաստանում պետական աջակությունը սպորտի ոլորտում բավարար չէ, իսկ միջազգային սպորտային ձեռքբերումները պետության այցեքարտն են, որը շատ կարևորում եմ։