00:00:00

Ի՞նչ խնդիրներ է ունեցել լրագրողը․ Դավթյանը՝ ակցիան լուսաբանելու և հետագա վիճաբանության մասին

20:43, 04 հունիս 2019

Երեկ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գրասենյակի առջև բողոքի ակցիա իրականացնող՝ «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներից ոմանք վիրավորել են 24News լրատվական կայքի արդեն նախկին լրագրող Դիանա Դավթյանին։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը հրապարակավ հայտարարել էր, թե  «այսօրվա կառավարության ամենավերին էշելոնները հրահանգ են ստանում Սորոսի կողմից Հայաստանում վիճակն ապակայունացնելու համար», և այդ  արտահայտության հետ կապված՝ լրագրող Դիանա  Դավթյանը հարց է ուղղել Մալյանին՝ փորձելով ճշտել՝ վերջինս   ի՞նչ ապացույցներ ունի նման բան հայտարարելու համար, ի՞նչ փաստեր ունի, ասաց։ Ի պատասխան Նարեկ Մալյանն ասել է՝  առաջիկայում կհրապարակի դրանք։ Irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում Դիանա Դավթյանը պատմեց․ «Այդ  ընթացքում   ակցիայի մասնակիցներից ոմանք ասացին, որ 1in.am-ի լրագրող եմ, Արման Բաբաջանյանի  կողմից ուղարկված սադրիչ  եմ, հատուկ  սադրիչ հարցեր ուղղելու համար   եմ գնացել, Փաշինյանի լրագրողն եմ․․․ Պետք է նշեմ՝ մինչև այդ լրատվականը տեղափոխվելը ես բավական երկար ժամանակ՝ 3,5  կամ 4 տարի,   աշխատել եմ  1in.am լրատվական կայքում։ Ներկայումս պատգամավոր Արման Բաբաջանյանը այն ժամանակ եղել է 1in.am-ի գլխավոր խմբագիրը, տնօրենը։ Բոլորն ինձ  ճանաչում են 1in.am-ից, բայց ես արդեն  յոթ ամիս է, 1in.am-ի հետ որևէ առնչություն չունեմ։ Կրկնում եմ՝ Արման Բաբաջանյանի հետ եմ աշխատել մինչև իր՝ պատգամավոր դառնալը։ Շատ հպարտ եմ, որ աշխատել եմ նման լրատվամիջոցում, նման ղեկավարության հետ։ Տարբեր ակցիաների ժամանակ երբ փորձել են վախեցնել, ճնշում գործադրել,  սակայն  իմ խմբագրի՝  Արման Բաբաջանյանի  շնորհիվ որևէ մեկը չի փորձել իր սպառնալիքն  իրականություն դարձնել, բայց  հիմա ես չունեմ   այդ աջակցությունը, որովհետև այդ միջադեպի ժամանակ  24News-ի խմբագիրը զանգահարեց օպերատորին ու   ասաց՝ անջադտիր  տեսախցիկը, ուղիղ եթերը՝ տեսնելով, որ իր լրագրողին պիտակավորում են ու վիրավորում։ Եթե նա օպերատորին հրահանգում է անջատել տեսախցիկը, հետ գնալ խմբագրություն, որպեսզի այդ ամենը չֆիքսվի, այստեղ կարող եմ ասել՝  եզրակացությունը թողնում եմ ընթերցողին ու իմ գործընկերներին․ ի՞նչ նպատակով էր նա հենց այդ ամենաթեժ պահին  ասում անջատիր  տեսախցիկը․ չկա տեսախցիկ, չկա ապաույց»։ Քաղակտիվիստ Նարեկ Մալյանի գլխավորությամբ ակցիա իրականացնողներից մեկը  երեկ նույնիսկ սպառնացել է Դիանա Դավթյանին՝  ասելով՝ «զգույշ դուրս կգաս խմբագրությունիցդ»։ Դիանա Դավթյանի նկատմամբ, սակայն, բարեբախտաբար մինչ այդ պահը որևէ ոտնձգություն չի կատարվել։ «Տեսանյութում երևում   է, թե  ինչպես է այդ մարդն ինձ ասում՝ «լեզուդ շատ է երկար, լեզուդ  շաղ ես տալիս, ի՞նչ  պրոբլեմ կա», իսկ երբ որ ես հեռանում  էի,  գալիս, ասում է՝ «զգույշ դուրս կգաս գործիդ տեղից»։ Ես պտտվեցի, ասացի՝ ի՞նչ ասացիք,  այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում։ Դրանից հետո այդ մարդն արագ հեռացավ։ Քանի որ մենք եկեղեցու տարածքում էինք,  մի փոքր ներքև ցայտաղբյուր կար, նա իբրև թե  ուզում է գալ այդ կողմ, մտածում էր՝ կարող է   ինձ վախեցնել, բայց նա  շատ սխալ մարդու էր ընտրել վախեցնելու համար», -  ասաց լրագրողը։ Դիանա Դավթյանը նշեց՝  միջադեպից մոտ քառասուն րոպե հետո մի երիտասարդ իր տեսախցիկով անդադար նկարել է իրեն և  գործըներոջը, սակայն ակնհայտորեն այդ մարդը լրագրող չի եղել․ նրա վրա բեյջ չի եղել, բացի այդ՝ լրագրողները միմյանց ճանաչում են, իսկ նրան չեն չանաչել ո՛չ Դիանան, ո՛չ իր գործընկերը։ Դիանա Դավթյանն իրենց նկարող անձին խնդրել է ներկայանալ, սակայն  նա չի ներկայացել։ Այնուհետև լրագրողն անհայտ անձին հորդորել է ջնջել   լուսանկարները։  Վերջինս, սակայն, լուսանկարները չի ջնջել, ավելին՝ նրանց մոտեցած Նարեկ Մալյանն  ասել  է․ «Լավ ես անում, չջնջե՛ս»։ Իսկ երբ Դավթյանն ու  օպերատորը վերադարձել են խմբագրություն,  գլխավոր խմբագիրը՝ Նարեկ Գալստյանը, Դավթյանին կանչել է իր աշխատասենյակ։ Խմբագիրը Դիանա Դավթյանի վրա  ձայն է բարձրացրել, զրույցը հանգիստ չի ընթացել։ «Խմբագիրն ասաց՝  քանի անգամ եմ ասել՝ հավասարակշռված  կպահես  քեզ։ Քանի որ ակցիայի ժամանակ նաև «Անալիտիկ» լրատվականի խմբագիր Անի Հովհաննիսյանի հետ էր  միջադեպ եղել, նրա  նկարը ցույց տալով՝ ինձ ասաց՝ էս խեղճ աղջիկն է՞ քեզ վիրավորել, դու իրեն ոչ կոռեկտ հարց ես տվել, խորը վիրավորել ես։ Ասացի՝ ակնհայտ փաստի մասին հարց տալու դեպքում  ի՞նչն է վիրավորական։ Ընդամենը  հարցրել եմ՝ դրամաշորթության համար պատասխանատվության ենթարկվելուց հետո, ՔԿՀ-ից դուրս գալուց հետո ինչո՞վ է զբաղվում»։ Դիանա Դավթյանի խոսքով՝   24News-ի  խմբագիրն ասել է՝  Նարեկ Մալյանն իր ընկերն է, ուստի լրագրողը չպետք է նման հարցեր ուղղեր։ Խմբագրի հետ վիճաբանությունից հետո լրագրողը խմբագրությունից հավաքել է անձնական իրերն ու հեռացել։ Հարցին՝   նախկինում   նման  դեպքեր եղե՞լ են,  այսինքն՝ երբ խմբագիրն արգելել է այս կամ այն մարդկանց ինչ-որ թեմաների հետ կապված՝ հարցեր ուղղել, այսինքն՝ որպես այդպիսին՝ սահմանափակումներ եղե՞լ են, Դիանա Դավթյանը պատասխանեց․ «Այո՛, եղել են։  24News-ի խմբագիրը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի  խորհրդականը կամ օգնականն  է եղել։  Նախկին ռեժիմի անդամներին  իր բառերով ասած՝ «սուր, քննադատող»  հարցեր հորդորում էր չտալ։  Մանավանդ, երբ  գնացել էի ԵՊՀ ակցիան լուսաբանելու, հստակ հիշում եմ՝ ինչ ասաց։ Ասաց՝ մենք պաշտպանում ենք Արամ Սիմոնյանին, ոչ  թե գրանտակեր լակոտներին ու նիկոլոտներին՝ կտատի ունենալով «Ռեստարտ»    նախաձեռնության անդամներին ու վաչապետ Նիկոլ Փաշինյանին»։ Դիանա Դավթյանը նշեց՝ քանի որ երեկ կեսօրից հետո է եղել այս միջադեպը, դեռևս  որևէ մարմնի չի դիմել, սակայն  բազմաթիվ լրագրողներ արդեն  լուսաբանում են այս թեման, հարցազրույցներ են անցկացնում։ «Բայց, տեսանյութերը կան, իմ հարցազրույցները կան։ Եթե նման  դեպքեր են հրապարակվում, դա նաև  հաղորդում է, ոստիկանությունը  պետք է քննության առնի։ Պետք է հստակեցվի՝ ինչո՞ւ են աշխատող մարդու  իրավունքներն այդպես ոտնահարվել։ Իսկ  ակցիայի մասնակիցները փորձել են սպառնալիքներով փորձել իմ ազատ խոսքի իրավունքը, փորձել են որպես լրագրող՝  ինձ ճնշել․ նաև այդ մասով պետք  է դեպքը քննության առնեն։ Եթե կգտնեն հանցակազմ,   իսկ ես  ենթադրում եմ՝ կգտնեն, պետք է գործողություններ ձեռնարկեն։ Իսկ  եթե չեն գտնի, ի՞նչ կարող եմ ասել․․․ Մոտ յոթ ամիս է, ինչ այդտեղ աշխատել եմ։ Ոչ միայն ես, այլև մի քանի այլ գործընկերներս  գրանցված աշխատողներ չենք։ Այդ մասով ևս համապատասխան մարմիններին տեղեկացնելու եմ։ Գործատուն օգտվել է  նաև այն հանգամանքից, որ ես չգրանցված աշխատող եմ, մտածել է, որ կարող է նման ձևով ինձ  վատություն անել, բայց դա վատության հարց չէ։ Ես ոչ թե մերթընդմերթ թղթակցել եմ, այլ ամբողջական գրաֆիկով աշխատող լրագրող եմ եղել։ Աշխատել եմ ամեն օր, ակտիվ լրագրող եմ եղել, իմ պարտականություններն եմ կատարել,  բայց գրանցված  աշխատող չեմ եղել», -  նշեց լրագրող Դիանա Դավթյանը։ Նա նշեց՝ պայքարելու է, որպեսզի իր գործընկերներից  և ոչ մեկը անբարեխիղճ գործատուի ձեռքում չհայտնվի։ «Ես որևէ պարագայում չեմ պատրաստվում այսպիսի գործատուի հետ աշխատել։ Այս ամենը նաև պետք է կանխարգելվի, քանի որ տարիեր շարունակ  սովորել են,  որ պիտի լրագրողների   իրավունքները ոտնահարեն։ Հիմա փորձում են այդ արատավոր գործելակերպը շարունակել։ Դա պետք է կանխվի,  որպեսզի ոչ մի լրագրող չհայտնվի անբարեխիղճ գործատուի ձեռքը ևն որ նրա խոսքի ազատությունը չփորձեն սահմանափակել կամ որպես լրագրող՝ նրա սկզբունքները   և արժանապատվությունը վիրավորել», -  եզրափակեց Դիանա Դավթյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր