00:00:00

Դա է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը» .ՌԴ գլխավոր դատական պրիստավը. Արտակ Զեյնալյանին

17:18, 04 հունիս 2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է աշխատանքային եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը: Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը, այլք: Նախարար Զեյնալյանը ողջունել է ռուս գործընկերներին Արդարադատության նախարարությունում եւ կարեւորել ռազմավարական, բարեկամ երկրի ներկայացուցիչների հետ հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակումն ու համագործակցության բազմակողմ զարգացումը: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որքան հաճախակի լինեն շփումներն ու գիտելիքի փոխանակումը, այնքան երկու երկրների կառավարություններն արդյունավետ կիրականացնեն իրենց ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունները: Նախարարն, անդրադառնալով հարկադիր կատարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ այսօր Ազգային ժողովում ներկայացնելու է օրենսդրական փաթեթ, որը բարձրացնելու է կատարողական վարույթի արդյունավետությունն ու կանխարգելելու է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, մասնավորապես,  էլեկտրոնային աճուրդի ոլորտում նախատեսվում է հրապարակել աճուրդում հաղթող անձի տվյալները՝  գործընթացի թափանցիկությունն ապահովելու ու հասարակության շրջանում դրա վերաբերյալ կասկած չհարուցելու նպատակով: ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը շնորհակալություն է հայտնել հյուրասեր, արեւոտ ու ջերմ Հայաստանում հյուրընկալելու եւ հայաստանյան փորձն իրենց ներկայացնելու համար:  Դմիտրի Արիստովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը վերջին տասը տարում բավական լուրջ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ այդ թվում նաեւ հարկադիր կատարման ոլորտում: «Օգտակար էր ծանոթանալ հարկադիր աճուրդի ոլորտում Հայաստանի փորձին: Գործընթացն ամբողջությամբ թափանցիկ է, բաց ու բոլորին հասանելի: Դա է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը»,- ասել է ՌԴ գլխավոր դատական պրիստավը, հավելել, որ նախօրեին արդյունավետ քննարկում է ունեցել հայ գործընկերների հետ եւ արձանագրել, որ Հայաստանը հարկադիր կատարման ոլորտում շատ առումներով իրական առաջընթաց է գրանցել: Դմիտրի Արիստովի խոսքով՝ հայ գործընկերների ձեռք բերած  փորձն օգտագործելով՝ այն կներդնեն իրենց երկրի իրավակիրառ պրակտիկայում: «Մեր գործընկերային հարաբերությունները Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ արդեն տասը տարվա պատմություն ունեն եւ վստահ եմ, որ այն բազմակողմ զարգացնելու մեծ ներուժ ունենք»,- ասել է ՌԴ գլխավոր դատական պրիստավը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր եւս եւ պայմանավորվել խորացնել փոխգործակցության ներկայիս մակարդակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր