«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ներողություն է խնդրել հանրությունից եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է.
«Ալեն Սիմոնյանն ասել է, որ ես հայտնի եմ «Ընտրական օրենսգիրքը թերի ներկայացնելով»:
1. Ընտրական օրենսգրքի հեղինակը ՀՀ Կառավարությունն էր: Իսկ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դրան կողմ էր քվեարկել՝ միմիայն գովաբանելով նախագիծը:
2. Թեեւ ես պատրաստ եմ կրել Ընտրական օրենսգրքի նախագծի բոլոր թերությունների պատասխանատվությունը, բայց դրա վրա աշխատել են բազմաթիվ մարդիկ՝ մեծ մասը Ալենի քաղաքական թիմակիցներ:
3. Ընտրական օրենսգրքի մշակումը հետ-հեղափոխական Հայաստանի ամենալուրջ ինստիտուցիոնալ բարեփոխման փորձն էր, որն արվեց աննախադեպ եւ դեռեւս չգերազանցված ներառականությամբ:
Ալենին եւս մեկ անգամ կոչ եմ անում խոսելուց առաջ մտածել:
Ընտրական օրենսգրքի միակ թերությունը այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին:
ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրելը, պարզվում է, ոչ հանցագործություն է եւ ոչ էլ վարչական իրավախախտում:
Եվ ես ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից (ում հաշվետու էինք), որ Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովը չի նկատել այս էական բացը ու չի շտկել այն:
Եթե մենք դա նկատեինք ու փոխեինք, ապա այժմ Ալեն Սիմոնյանը պատասխանատվություն կկրեր նաեւ այդ ապօրինության համար»: