Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանից հետաքրքրվեց, թե ճանապարհաշինարարության հետ կապված ինչպե՞ս են գործերն ընթանում։
Փոխնախարարը նշեց, որ 100 կիլոմետր ճանապարհահատված գտնվում է շինարարության փուլում, այս պահի դրությամբ՝ 97,5-ը գտնվում է մրցույթի տարբեր փուլում։
«Երկուշաբթի հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթը, որի բացումը կլինի հունիսի 12-ին», – ասաց փոխնախարարը:
Վարչապետն ուղղեց՝ մրցույթի բացումը, ոչ թե՝ ճանապարհի։
«Զգույշ եղեք, թե չէ երեխաներն ասելու են կրկին խաբեցին մեզ», – կատակեց վարչապետը։
Բագրատ Բադալյանը նշեց, որ մրցույթի ամփոփումից հետո կմեկնարկեն գյուղի ճանապարհների շինարարական աշխատանքները։
«Տենդենցը դրական է, մենք նշված ցուցանիշներին, համոզված ենք, որ կհասնենք», – ասաց փոխնախարարը։
Բադալյանի խոսքով՝ այն կարևորագույն ճանապարհահատվածները, որոնց նախագծման հետ խնդիրներ են եղել, նախատեսում են մեկ անձի միջոցով նախագծերը պատվիրել։ «Այս տարի կունենանք 330 կմ-ից ավելի կնքված ճանապարհահատվածներ, կաշխատենք ավելին անել, սակայն 330 կիլոմետր նախանշվածը ամբողջությամբ կիրականացնենք», – հավաստիացրեց փոխնախարարը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ որակի մասին պետք է չմոռանալ։