00:00:00

Լարված իրավիճակ Աշտարակ- Թալին ավտոճանապարհին․ շինարարները փակել են ճանապարհը (լուսանկարներ)

16:28, 30 մայիս 2019

Այս պահին Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսիան Կորվիամ» ընկերության ենթակապալառու շինարարական 19 կազմակերպությունների աշխատակիցները փակել են Աշտարակ-Թալին մայրուղին։ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի աշխատանքները դադարեցված են։ Վերոնշյալ կազմակերպություններից մեկի աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանը Irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Անցյալ տարվա օգոստոս ամսից մենք աշխատավարձ չենք ստացել։ Ճանապարհը փակելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր գումարները ստանանք։ Մեզ միայն լրատվամիջոցներն են մոտեցել։ Մինչև այս պահը որևէ պաշտոնյա մեզ չի մոտեցել, դեռ սպասում ենք»։ Ակցիայի մասնակիցները բազմիցս բարձրացրել են՝ հանդիպումներ ունենալով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների, ավելին՝ նախարարի ու փոխնախարարի հետ, սակայն այդ հանդիպումները արդյունք չեն տվել և այսպես ասած՝ բանը հասել է ճանապարհ փակելուն։ «Ճանապարհահատվածը փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև Կառավարությունից մարդ գա, մեր հարցին լուծում տա։ «Կորսիան Կորվիամ» ընկերության հետ Կառավարությունն է պայմանագիր կնքել։ Թող իրենք լուծում տան այս հարցին», - եզրափակեց Գուրգեն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք՝ վերը նշված խնդրին երեկ Ազգային ժողով –Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ավինյանը նշեց՝ Հյուսիս - հարավ ճանապարհի շինարարության առաջին և երկրորդ տրանշերի հետ կապված խնդիրներ, իսկապես, կան: Նա, մասնավորապես, նշեց․ «Այդ խնդիրները կապված են և՛ աշխատանքների որակի հետ, և աշխատանքի կատարման ժամկետների հետ: Մենք հիմա փաստացի նաև բանակցում են «Կորսիան Կորվիամ» ընկերության հետ և ուզում ենք հասկանալ արդյո՞ք գնում ենք միջազգային արբիտրաժ, թե՞ չենք գնում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, պարտավորություն չունի ենթակապալառուների նկատմամբ: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մենք այս պահի դրությամբ պարտավորություն չունենք «Կորսիան Կորվիամ» ընկերության նկատմամբ: Բանակցությունների պրոցեսում մենք պետք է հասկանանք, թե ինչ լուծումներ ենք փորձելու գտնել: Բայց էդ լուծումները պետք է լինեն ընդհանուր հանրային շահից բխող»։ Հավելենք, որ ակցիայի մասնակիցներն այս պային միայն շտապող, հիվանդանոց գնացող, Շտապ օգնության մեքենաներին են թույլ տալիս անցնել տվյալ ճանապարհահատվածով։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր