00:00:00

Մեկին գտեք, որ կասի, որ ես ինչ-որ դատական ակտ կայացրել եմ զանգի միջոցով. Վազգեն Ռշտունի

21:12, 27 մայիս 2019 Իրավական

Վերաքննիչ քերական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հերքում է տեղեկությունները, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը գրող դատավորներից մեկն ինքն է:
Նշենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քիչ առաջ մեկնարկել է դատավորների արտահերթ ժողովը: Նախքան ժողովի մեկնարկը, Վազգեն Ռշտունին պատասխանեց լրագրողների հարցերին:
Մամուլում տեղեկություն եղավ, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի՝ Ոոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը, իսկ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:
Վազգեն Ռշտունին հերքում է այս տեղեկությունը: «Ես գործը քննող դատավորին չեմ ճանաչում, ճանաչում եմ որպես դատավոր, մտերիմ հարաբերություններ չունեմ նրա հետ: Թե միջնորդավորված, թե ուղղակի, թե անուղղակի, որևէ ձևով կապի մեջ չեմ եղել»,- ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ են իր անունը մշատապես շրջանառում Քոչարյանի գործով, Ռշտունին պատասխանեց, որ թե համակարգում, թե համակարգից դուրս երևի մարդիկ կան, ում ինքը խանգարում է: «Նախկին իշխանության հետ բոլորին կարող են կապել, ովքեր նախկինում նշանակվել են դատավոր: Ես էլ եմ այդ ժամանակ նշանակվել, եթե կապում են ինձ, որ ես այն ժամանակ եմ նշանակվել, կարող են կապել: Ինչ վերաբերում է նրան, թե ես շահագրգռվածություն ունեմ այդ գործով, էդ դեպքում մեր ուժային կառույցները, եթե ունեն որոշակի տեղեկություն իմ շահագրռգվածության վերաբերյալ, իմ՝ գործի վրա ազդելու վերաբերյալ, խնդրեմ, թող իրենց լծակներն օգտագործեն »,- ասաց նա: Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ վարչապետի հայտարարություններից ու կոչերից հետո Ռշտունին պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայանցնել: «Ես իմ ամբողջ գործունեության ընթացքում փորձում եմ լինել արդար: Հիմա թե իմ արդար լինելու փորձերն ինչքանով են արդարացված, ինչքանով չէ, դրան առաջինը գնահատական պետք է տա մամուլը: Իսկ մամուլի գնահատականը պետք է պայմանավորված լինի իրավաբանական համայնքի գնահատականով: Եթե ես հասկանամ, որ իրավաբանական համայնքը կամ գործին մասնակցող անձինք ինձ չեն վստահում, իմ գործոնեությունը չի ընդունվում, չեմ աշխատի»,-նշեց նա: Հարցին, թե քանի անգամ է զանգով գործ քննել, նա պատասխանեց. «Մեկին գտեք, որ կասի, որ ես ինչ-որ դատական ակտ կայացրել եմ զանգի միջոցով: Ես ոչ զանգի միջոցով դատական ակտ եմ կայացրել, ոչ կայացնում եմ: Իմ կարծիքով՝  մենք ամեն օր վեթինգի ենք ենթարկվում: Եթե մտածում են դատական համակարգի առողջացման մասին, միգուցե նստենք ու միասին մտածենք, թե ինչ քայլեր պետք է արվեն, որպեսզի համակարգն ավելի լավ աշխատի: Ես ինչքան հասկանում եմ, վեթինգի իմաստը որոշելն է, թե որ դատավորը կարող է աշխատել որպես դատավոր, որը չի կարող աշխատել»,- ասաց նա: Անդրադառնալով իր ունեցվածքի մասին հարցին՝ Ռշտունին ասաց, որ թաքցնելու ոչինչ չունի, այն հայտարարագրված է: «Եթե խոսքը հասել է իմ ունեցվածքին, ես կարող եմ ասել, որ իմ ընտանիքը նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, դրա արդյունքում մեր ընտանիքն ունի կարողություններ, բոլորը գիտեն դրա մասին: Ասեմ ավելին՝ ես երբևէ իմ գործունեությունը չեմ օգտագործել իմ կամ իմ ընտանիքի համար որևէ նյութական արժեք կամ օգուտ ձեռք բերելու համար: Ավելին, իմ ընտանիքն ունի կարողություն, որը 4-5 տարի է՝ իմ ընտանիքը չի կարողանում ինչ-որ մեկին վարձակալության հանձնի: Եթե ես կապերս օգտագործեի, հիմա այդ հարցը կլուծեի: Եթե կլինի փաստ, որ դատավոր եղած ժամանակ ես անօրինական եկամուտ եմ ստացել, թող վեթինգի էլ ենթարկեն, ինչ ուզում են, թող անեն»,- հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր