00:00:00

Ինչո՞ւ Փաշինյանը դատավորների վրա գրոհ կազմակերպեց

02:49, 23 մայիս 2019

  Որոշ  իրավաբաններ և գործիչներ  վերջին օրերին հայտարարեցին՝ վարչապետի կոչը, դատարանների մուտքերն ու ելքերը փակելը  սահմանադրական կարգի խախտում է։ Մասնավորապես, սահմանադրագետ Վարդան Այվազյանն, անդրադառնալով այս միջադեպին, նշել էր․ «Վարչապետի կոչը սահմանադրության և գործող օրենքների ոտնահատում էր, հակասում էր  Սահմանադրությանը և գործող օրենքնեին, սակայն դա որպես սահմանադրական կարգի տապալում որակելը   ճիշտ չէ»։ Irakanum.am-ի հետ զրույցում  պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանն, անդրադառնալով վերոնշյալ թեմային,  նշեց՝ հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ, որտեղ հստակ հարց է հնչել՝ արդյո՞ք դա կարող է դիտարկվել  որպես սահմանադրական կարգի խախտում,  ՍԴ դատավորի թեկնածուն  իր մասնագիտական տեսանկունն է հայտնել՝ նշելով՝ դա որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես սահմանադրական կարգի խախտում։ «Ես մեջբերում եմ մասնագետի նշած կարծիքը, քանի որ ես ինքս  իրավաբան չեմ և նեղ մասնագիտական մոտեցմամբ չեմ կարող հանդես գալ», - նշեց  Ալեքսանդր   Ավետիսյանը։ Նա նշեց՝ համաձայն չէ այն տեսակետին, թե դատարանների ելքերն ու մուտքերը փակելու  ակցիան կարող է   նախադեպ դառնալ, որպեսզի հետագայում  դատավարության արդյունքներից դժգոհ քաղաքացիները  նման ակցիա կազմակերպեն։ «Չեմ կարծում, որ սա կարող է նման նախադեպ լինել։ Ես դա ավելի շատ դիտարկում եմ որպես խորհրդանշական ակցիա,    որը հստակ մեսիջ էր դատական իշխանությանը։ Մեսիջը կայանում էր նրանում, որ երկրում իրավիճակ է փոխվել, և այն, որ  գործադիր և օրենսդիր մարմիններն  արդեն փոխվել են, մի տեսակ անտրամաբանական է, որ  դատական իշխանությունը պետք է գործի այլ տիրույթում՝ հաշվի չառնելով   երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը։ Այսինքն՝ մենք ակնկալում ենք ունենալ անկախ դատական իշխանություն, որը ենթակա չի  լինի ճնշումների թե՛ իշխանության, թե՛ որևէ այլ ուժի կողմից, իսկ հիմա մենք տպավորություն  ունենք, որ դատական իշխանությունը որոշակի ազդեցությունների տակ է», -   ասաց պատգամավոր Ալեքսանդր  Ավետիսյանը։ Անդրադառնալով   Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնելու անհրաժեշտությանը` պատգաավորը նշեց՝ իրենց քաղաքական ուժը դրա անհրաժեշտության մասին խոսել է  հեղափոխությունից անմիջապես հետո։ «Կարծում եմ՝ ինչ-որ տեղ  այդ պրոցեսը կարելի էր ավելի արագ կազմակերպել․  մի բան էլ ուշացել ենք։ Իհարկե, լավ է ուշ, քան երբեք։ Առաջիկա շաբաթներին, ամիսներին  հնարավորինս արագ դրան ընթացք պետք է տրվի, որովհետև հարցեր կան,  որոնք գործող օրենսդրության շրջանակում  ուղղակի հնարավոր չէ կարգավորել», -    նշեց   Ալեքսանդր Ավետիսյանը։ Իսկ ԱԺ  «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը  մեր թղթակցի հետ զրույցում  նշեց՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելը  հակասահմանադրական գործողություն  է․ այդ մասին ԲՀԿ-ն նշել էր նաև իր պաշտոնական հայտարարությունում։ «Իշխանության մի թևը որևէ իրավասություն չունի սահմանադրորեն արգելափակելու կամ կոչ անելու արգելափակել  իշխանության մեկ այլ թևի գործառույթները։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրվա առաջին մասում, ոչ օրինական էր, իսկ այն, ինչ տեղի ունեցավ  նույն օրը՝ օրվա երկրորդ մասում, երբ վարչապետն  իր մոտ հրավիրեց դատավորներին և ներկայացրեց դատաիրավական համակարգում առկա  խնդիրները, իր մտահոգությունները և դրանց լուծման տարբերակները,    բացարձակ  օրինական օրակարգ էր։ Ուստի, ի՞նչ կարիք կար  առավոտյան կազմակերպել  նման  հակաօրինական այսպես ասած՝ միջոցառում կամ «ակցիա»  և արժանանալ ԵԽԽՎ-ի, ԵԽ-ի, ՀՀ-ԵՄ հանձնաժողովի  ղեկավարի և «Ֆրիդոմ Հաուս»-ի բավականին բարձրաստիճան պաշտոնյայի մտահոգությանը, որ կարծես թե նկատելի է ճնշում դատական իշխանության  վրա, երբ  կարելի էր բոլոր այդ խնդիրները բերել խորհրդարան, քննարկել, լուծել։ Երբ որ պարոն  Փաշինյանը նշում էր, որ   օր առաջ  անհրաժեշտ է  արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որովհետև ինքը չունի մեծամասնություն խորհրդարանում և չի կարող օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումները  անցկացնել, որովհետև «Հանրապետական» մեծամասնությունը  տորպեդահարում էր և դրա համար էլ, գուցե, անհրաժեշտ էր փողոցի ակցիաներ կազմակերպել, հիմա չկա դրա անհրաժեշտությունն այն պատճառով, որ ինքը ունի ոչ միայն մեծամասնություն, այլև  «դաբլ, դաբլ, դաբլ» բացարձակ մեծամասնություն, այնպիսի մեծամասնություն, որ Հայաստանի որևէ քաղաքական ուժ երբևէ չի ունեցել, այսինքն՝ այս  մեծամասնությունը կարող էր  դատաիրավական բարեփոխումների փաթեթը շատ հանգիստ  անցկացնել նույնիսկ եթե ընդունենք, որ «Բարգավաճ Հայաստան»  և «Լուսավոր  Հայաստան» խմբակցությունները  լինեին  այնքան անհանդուրժող, որ  չմիանային դատական  բարեփոխումների փաթեթին, ինչն, իհարկե, աբսուրդ է։ Մենք պաշտպանելու ենք ցանկացած փոփոխություն, որը կբերի դատական համակարգի առողջացմանը։ Նա կարող էր այդ փաթեթը բերել խորհրդարան ու սեփական մեծամասնությամբ ընդունել և ոչ թե կազմակերպել ինչ-որ գրոհ դատավորների վրա և ոստիկաններին էլ սարքել անդեմ արարածներ, որոնք  կանգնած նայում էին և չէին կատարում իրենց գործառույթները՝ տեսնելով, թե ինչպես են  տարբեր երիտասարդներ խոչընդոտում  դատավորների մուտքը սեփական  աշխատանքի վայրում», -  եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր