00:00:00

Քոչարյանի ազատվելու պատճառը Փաշինյանի ոչ հեղափոխական գործելակերպն է.«Սասնա Ծռեր»

22:46, 18 մայիս 2019

Քոչարյանի ազատվելու պատճառը Փաշինյանի ոչ հեղափոխական գործելակերպն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած եւ այն իր հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության՝ 1998-2008 թթ. պարագլուխ Ռոբերտ Քոչարյանն այդ հանցավոր համագործակցության բաղադրիչ դատարանի որոշմամբ այսօր ազատվեց կալանքից: Կատարվածը, ցավոք սրտի, սպասելի էր եւ օրինաչափ: 2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ ռեժիմը տապալելուց հետո նույն ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին բացառիկ մանդատ տվեց, որը պահանջում էր առաջնորդվել հեղափոխական տրամաբանությամբ եւ կատարել հեղափոխական քայլեր: Մինչդեռ նրանք սկզբից եւեթ հրաժարվեցին հեղափոխությունից  ու առաջնորդվեցին հանցավոր ռեժիմից կառավարումն իրավահաջորդի կարգավիճակով ստանձնելու տրամաբանությամբ եւ մինչ օրս հետեւողականորեն գործում են ռեժիմի կեղծ սահմանադրությամբ, անիրավ օրենքներով եւ ապազգային քաղաքական կոնսպեկտներով: Մասնավորապես՝ հանցավոր համագործակցությունը, իր կամակատար իրավապահներով ու դատավորներով հանդերձ,  պետք է կանգներ Անցումային արդարադատության ատյանի առաջ, այլ ոչ թե նրա կազմից ընդամենը մի քանիսը, դրանց թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, մասնակի մեղադրանքներով հանձնվեին իրենց իսկ նշանակած դատավորների հայեցողությանը: Ընդ որում՝ գործընթացների զարգացումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ սխալ արտաքին քաղաքականության պատճառով Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ըստ էության անկարող են դիմակայելու 5-րդ շարասյան ու նրա կրեմլյան տերերի ճնշումներին եւ, արտակարգ քայլերով վիճակը փրկելու փոխարեն, փաստացի կուլ են գնում ապազգային ու հանցավոր համակարգին, ինչը հղի է ռեւանշի եւ պետության կազմալուծման վտանգներով: Ստեղծված բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցությունը դեռեւս այլընտրանք չունի: Սակայն նա, իր հերթին, պարտավոր է շատ արագ սթափվել եւ, համախմբելով առողջ ուժերին, կտրուկ ու արմատական համարժեք քայլեր կատարել կործանարար ընթացքը կասեցնելու համար: Բոլոր դեպքերում՝ ժողովուրդն է ազգային հեղափոխության պատվիրատուն, շահառուն եւ իրականացնողը, ուստի, վաղ թե ուշ, ի կատար է ածելու իր կամքը: Մեր եւ մյուս առողջ ուժերի պարտականությունն է ապահովել ժողովրդի կամքի կատարումը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր