00:00:00

Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովում կներգրավվեն նաև բնակիչները․ Արթուր Մեսչյան

00:00, 18 մայիս 2019

Կոնդի բնակիչները մայիսի 17-ին հավաքվել էին քաղաքապետարանի առջև՝ պահանջելով իրենց տարածքների նոր ու ճշգրիտ չափագրում: Նրանց ընդունել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել: «Կատարվել են թերի չափագրումներ, և հիմա մենք պահանջում ենք, որ կատարվի լրացուցիչ չափագրում: Կան նաև տներ, որ ընդհանրապես ներառված չեն տվյալների որևէ համակարգում: Մի շարք տներ ու տարածքներ էլ մինչ օրս չեն սեփականաշնորհվել, և առկա են միայն վարձակալության պայմանագրերը, մինչդեռ օրենսդրությամբ դրանք վաղուց պետք է փոփոխված և սեփականաշնորհված լինեին»,-նշել է բնակիչներից Նաիրա Երեմյանը: «Կոնդը փոքր քաղաք է, և մինչև ճշգրտումներ չարվեն, չի կարող որևէ նախագիծ լինել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Կոնդի որևէ բնակիչ չտուժի: Դրա համար այժմ քննարկում ենք և ուզում ենք գտնել տարբերակներ, որից կշահեն և՛ բնակիչները, և ՛ քաղաքը»,- ընդգծել է Արթուր Մեսչյանը: Կոնդն ամբողջությամբ հանրային գերակա շահ ճանաչելու գաղափարին բնակիչների զգալի մասը դեմ է, հատվածաբար կառուցապատման միտքն ավելի ընդունելի են համարում: Երևանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրել է, որ կձևավորվի Կոնդի վերակառուցման հայեցակարգը մշակող հանձնաժողով, որի աշխատանքներում կներգրավվեն ինչպես պատմաբաններ, մշակույթի գործիչներ, այնպես էլ՝ բնակիչներ: Հայեցակարգի մշակումից հետո միայն ճարտարապետները կանցնեն նախագծային փուլին: «Մեկ կամ մի քանի օրում այս բոլոր հարցերին պատասխանել, իհարկե, չենք կարող, սակայն մանրամասն ուսումնասիրելուց հետո կկազմակերպենք մեր հաջորդ հանդիպումը»,-ասել է Մեսչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր