00:00:00

Մեղադրանք է առաջադրվել երեք անտառապահի

19:55, 20 մարտ 2018 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք պահաբաժինների անտառապահների: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով ավելի քան 6000 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են  ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի արդյունքում. ապօրինի կերպով չի հաշվարկվել բնությանը պատճառված վնասի չափը, ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես, «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ, 4-րդ և 13-րդ պահաբաժինների անտառապահներ Ս.Զարգարյանը, Գ.Պողոսյանը և Վ.Դիլանյանը, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցությունները իրենց ամրակցված պահաբաժնի տարածքում, 2014-2017թթ. առանց պահաբաժնի տարածքում համապատասխան ստուգումներ իրականացնելու, ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրությունները, որոնց համաձայն` պահաբաժնում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել: Քրեական գործի տվյալներով՝ Ս.Զարգարյանի պաշտոնավարման ժամանակ թիվ 3 պահաբաժնում հատվել են ընդհանուր 560 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 122.761.250 ՀՀ դրամի վնաս, Գ.Պողոսյանի պահաբաժանում՝ 349 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 91.064.000 ՀՀ դրամի վնաս, Վ.Դիլանյանի պահաբաժնում՝ 256 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 36.450.000 ՀՀ դրամի վնաս։ Պարզվել է անտառահատումներին նշված երեք պահաբաժինների անտառապահներից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ թիվ 4 պահաբաժնի անտառապահ Գ.Պողոսյանին մարտի 18-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Թիվ 3 պահաբաժնի անտառապահ Ս. Զարգարյանին մարտի 19-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը մերժվել է։ Թիվ 13 պահաբաժնի անտառապահ Վ.Դիլանյանին մարտի 20-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Բացի այդ, որոշում է կայացվել՝ 2016թ. նոյեմբերի 16-ից մինչև 2017թ. մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Վասիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր