00:00:00

Հենց նախաքննության գաղտնիության արգելքը հանվի, բոլորը կիմանան իրականությունը․ Սանասարյանի փաստաբան

21:51, 22 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա պաշտոնական լիազորությունները դադարեցվել են։ ԱԱԾ-ի տարածած հայտարարությունից հետո շատերը ֆեյսբուքյան գրառումներ կատարեցին․ ոմանք նշում են, որ հեղափոխության առաջամարտիկներից մեկը՝ Դավիթ Սանասարյանը չէր կարող պետությանը վնաս հասցնող որևէ քայլ անել, չարաշահել իր պաշտոնական դիրքը, ոմանք էլ հորդորում են սպասել, մինչև իրավապահ մարմինները քննեն գործը, և լույս սփռվի այդ պատմության վրա։ Հիշեցնենք՝ Սանասարյանի գործի վերաբերյալ գրառում է կատարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ հնարավորություն է ունեցել մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որոնք ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ «Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը», - նշված է վարչապետի գրառման մեջ։ Նիկոլ Փաշինյանը, պարզ, առանց տեղատակերի բացատրել է, որ իր համար նշանակություն չունի՝ ով կարող է լինել օրենք խախտող անձը՝ նշելով․ «Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական»։ Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանը հայտարարել է՝ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է։ Irakanum.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը նշեց՝ այս գործով փաստական հանգամանքների շուրջ , իհարկե, դեռևս հնարավոր չէ խոսել՝ նախաքննության գաղտնիության հետ կապված։ «Պարոն Սանասարյանը որևէ հանցագործություն չի կատարել, և մենք համոզված ենք, որ իրավապահ մարմիններում մեր անմեղ լինելը կապացուցենք, քանի որ, ինչպես հասկանում եմ, մենք գործ ունենք մեղավորության կանխավարկածի հետ, բայց դա մեզ չի վախեցնում, որովհետև անձը ակնհայտ անմեղ է։ Հենց նախաքննության գաղտնիության արգելքը հանվի, ամբողջությամբ կհանրայնացնենք գործի մանրամասները և բոլորը կիմանան իրականությունը, մասնավորապես այն, որ Դավիթ Սանասարյանը որևէ հակաիրավական արարք չի կատարել», - նշեց Արսեն Սարդարյանը։ Հարցին՝ նոր Հայաստանում կարո՞ղ էր լինել այնպես, որ պաշտոնյանի նկատմաբ «շինծու» գործ կարվեր, Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը պատասպանեց․ «Ցանկացած հարց նոր և հին հայաստանյան ինչ-որ երանգներ է ստանում․ ասենք՝ երկարամյա իրավական մշակույթ ունեցող երկրներում՝ Անգլիայում, ԱՄՆ-ում նախաքննության մարմինները չե՞ն սխալվում։ Ես ուղղակի ուզում եմ այստեղ տրամաբանությունը հասկանալ։ Այս ուղղությամբ անընդհատ ինչ-որ գրագրություն է գնում, բարձրաստիճան պաշտոնյաներն էլ կարծիքներ են գրում։ Այսինքն՝ մենք նորից ասում ենք՝ պարոն Սանասարյանն անմեղ է, առերևույթ անմեղ է, և եթե, այնուամենայնիվ, նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և մեղադրանք է առաջադրվել, հիմա սա վարույթ իրականացնող մարմի սխա՞լն է, թե՞ ուղղակի փաստական հանգամանքները՝ որոշ անձանց կողմից խեղաթյուրված ներկայացնելու հետևանք է, դա այլ հարց է, ես պարզապես ուզում եմ հասկանալ, եթե մեր երկրում այն կանխավարկածն է սկսել գործել, որ գիտե՞ք՝ եթե նոր Հայաստանում մեղադրանք են առաջադրում, ուրմն՝ դա իդեալական մեղադրանք է, եկե՛ք վաղը մեր դատական ու դատախազական համակարգերն ամբողջությամբ հանենք, պետական բյուջեն չծանրաբեռնենք․ քննիչներն ամեն ինչ գիտեն․․․ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝ եթե քննիչը մեղադրանք է առաջադրել, ուրեմն՝ վճռաբեկով պեչատվեց, տրվե՞ց դատական ակտը, որ այսօր ասում են՝ նոր հայաստանում է սա․․․ Իսկ նոր Հայաստանում քննիչը չի՞ սխալվելու։ Ես իրավաբան եմ, և քաղաքական գործընթացներից ինձ մի քիչ հեռու եմ պահել, բայց երբ քաղաքականությունը շատ է տարածվում, նման դեպքերում տուժում է իրավական կողմը»։ Արսեն Սարդարյանին հարցրեցինք նաեւ  վարչապետի՝ Սանասարյանի գործի հետ կապված ֆեյսբուքյան գրառմանը։ «Ես չեմ կարծում, որ այսօր քաղաքական մեկնաբանությունները պետք է մեկ անգամ էլ իրավաբանները մեկնաբանեն։ Այնուամենայնիվ, այնքանով, որքանով մեր վարչապետն ասում է, որ օրենքի առջև բոլորը հավասար են, մենք ավելի քան ողջունում ենք դա։ Հավատացե՛ք՝ պարոն Սանասարյանը առաջամարտիկներից է այն գաղափարի, որ օրենքի առջև բոլորը հավասար են, և խոսք լինել չի կարող այն մասին, որ եթե անձը պաշտոնյա է, ուրեմն իր նկատմամբ քննությունը պետք է թերի իրականացվի։ Ուղղակի, ես ասում եմ՝ հանկարծ այնպես չստացվի, որ եթե անձը պաշտոնյա է, ինքն այլևս իրավական պաշտպանության մեխանիզմներ չունենա և որպեսզի հանկարծ որևէ մեկը չմտածի՝ եթե նոր Հայաստանում պաշտոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսբեց, բայց չավարտվեց, ուրեմն՝ այդտեղ ոչ իրավաչափ գործընթաց է եղել․ ո՛չ։ Պաշտոնյան նույնպես ունի իրավունքներ, և բարձրաստիճան պաշտոնյանի նկատմամբ քննչական մարմինը նույնպես կարող է սխալվել, ինչպես ցանկացած քաղաքացու դեպքում, որովհետև քննություն իրականացնող մարմնի համար ցանկացած քաղաքացի մարդ է, և մարդու իրավունքների շրջանակում նա քննություն է իրականացնում՝ իր գիտելիքների շրջանակում։ Եվ, եթե վարույթ իրականացնող մարմնի՝ գիտելիքների պակաս լինելու կամ փաստական հանգամանքները խեղաթյուրված ներկայացնելու հանգամանքով սխալվում է, իրավական լուրջ կառուցակարգեր կան, որոնցով անձի իրավունքները կարելի է պաշտպանել», - ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ տեղեկացնելով՝ իրենք այսօր գլխավոր դատախազություն են դիմել և պահանջել վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը։ «Մեր օրենսդրությունը, սահմանադրությունը, միջազգային իրավունքը ասում են՝ մինչև վերջնական դատական ակտ չլինի, անձն անմեղ է, այսինքն՝ այսօր պարոն Սանասարյանի անմեղ լինելը մեր ամենաբարձր օրենքով և միջազգային ամենաբարձր օրենքով ֆիքսված երևույթ է», - ասաց Արսեն Սարդարյանը։ Հարցին՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ գլխավոր դատախազությունից պատասխան ստանալուց հետո, Արսեն Սարդարյանը պատասխանեց․ «Կստանանք պատասխանը, մեր պաշտպանական թիմով կքննարկենք՝ տիկին Ինեսսա Պետրոսյանի և, բնականաբար, մեր վստահորիդի հետ, և կհասկանանք՝ իրավական ո՞ր հաջորդ մեխանիզմին ենք դիմելու։ Բայց, ես կարծում եմ՝ գլխավոր դատախազությունը մեր իրավունքների վերականգնման առումով կարող է լինել այսպես ասած՝ գործուն կառույց, որը կկարողանա երաշխավերել Դավիթ Սանասարյանի իրավուքները։ Ես, իհարկե, չեմ ուզում վարույթ իրականացնող մարմնին նեղացնել, բայց, սովորաբար, դատախազությունում ավելի բարձր որակի իրավաբաններ են լինում, քան քննչական մարմիններում, բայց, իհարկե, ոչ միշտ է այդպես։ Մենք դեռ փաստական հանգամանքները չենք կարողանում բացել, բայց, ամեն դեպքում, մեր օրենսդրությունն այնպիսին է, որ շատ շուտով այդ արգելքը պետք է վերացվի, այսինքն՝ նախաքննությունը կհասկանա իր սխալը և քրեական հետապնդումը կդադարեցնի, գործը կկարճվի, և մենք կարող ենք հրապարակայնացնել ամեն ինչ, իսկ եթե հանկարծ չհասկանա, ավարտի ու ուղարկի դատարան (չնայած՝ ես կարծում եմ՝ այդպիսի սցենարը գրեթե բացառված է, քանի որ ուղղակի այս մեղադրանքն այն աստիճանի անհնմն է, որ նույնիսկ քննչականը եթե շատ-շատ սխալվի, այն աստիճան չի սխալվի, որ գործը հասնի դատարան), ամեն դեպքում, հենց նախաքննությունն ավարտվեց, օրենքի համաձայն՝ գաղտնիության արգելքը վերանում է, և մենք մանրակրկիտ բոլոր փաստարկները ներկայացնելու ենք լրատվամիջոցներին, որպեսզի մեր հասարակությունը տեղյակ լինի պարոն Սանասարյանի անմեղ լինելու մասին, և սա գոնե իմ մասով, իրավաբանների մասով սա քաղաքական բնույթ չի կրում․ մենք մեր առջև խնդիր ունենք փաստարկված ներկայացնելու խնդիրները», - եզրափակեց Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր