Ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակից, 2016 թվականի օգոստոսի 3-ին զինծառայության ժամանակ ականի պայթյունից զոհված, հինգ զինվորի կյանք փրկած Գևորգ Հարությունյանի ընտանիքում այժմ մեծանում է հերոսի եղբայրը՝ փոքրիկ Գևորգը։ Նա ծնվել է եղբոր մահից հետո՝ 2017 թվականի հունիսի 11-ին։ Փոքրիկի շնորհիվ ծնողներն ապրելու ուժ են վերագտել։ Հերոս Գևորգ Հարությունյանի մայրը՝ Անահիտ Վանյանը նշում է՝ փոքրիկ Գևորգը շատ նման է իր ավագ եղբորը։ «Գևորգը ինձ միշտ ասում էր՝ քեզ թագուհու պես եմ պահելու։ Եվ այդպես էլ անում էր։ Նա խոհարար էր, ռեստորանում էր աշխատում, մեզ պահում էր։ Հոգատար, ջերմ, բարի տղա էր։ Նա ինձ համար մահացած չէ։ Ես նրա ներկայությունը միշտ զգում եմ։ Մեր փոքրիկ Գևորգն էլ շուտով երկու տարեկան կդառնա։ Պատկերացրե՛ք՝ դեռ երկու տարեկան չկա, բայց շատ հասկացող է, ժպտերես, ուրախ երեխա է։ Միշտ նայում է եղբոր նկարներին, կարծես խոսում է նրա հետ։ Երբեք նկարները վայր չի գցում, վնաս չի տալիս, մեզ ոչ մի նեղություն չի տալիս․ շատ հասկացող բալիկ է», - Irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց տիկին Անահիտը։
Նա նշեց՝ ցավալի է, բայց զոհված զինվորների ընտանիքները պատշաճ ուշադրության չեն արժանանում իշխանությունների կողմից։ «Որդիս կրտսեր սերժանտ էր, ջոկի հրամանատար, ծառայում էր Ասկերանում՝ Աղդամում։
Բանակում որդուս Կլոր էին ասում։ Նա բոլորի համար եղբայր է եղել։ Ծառայակից ընկերները պատմում են, որ Գևորգը թույլ չէր տալիս, որ զինվորները մեկը մյուսին նեղացի, վիրավորի։ Հրաշք, լուսավոր տղա էր։ Ես քաջ, հերոս որդի դաստիարակեմ, իմ որդին իր կյանքը տա հանուն իր ծառակից ընկերների, հանուն հայրենիքի, որ այսօր անգամ չնչին ուշադրության չարժանանա՞նք», - պատմեց հերոս մայրը՝ տիկին Անահիտը։
«Մենք Զեյթունում ենք ապրում։ Կանանց միամսյակի ընթացքում թաղապետարանից զանգեցին, ասացին՝ նվեր ունեք ստանալու, եկե՛ք ստացեք։ Չէի՞ն կարող իրենք բերել։ Ախր, ինչպե՞ս փոքրիկիս տանը քնած թողնեի, գնայի նվերը վերցնելու։ Ամուսնուս խնդրեցի, որ գնա, նվերը վերցնի։ Ի՞նչ նվիրած լինեն, որ լավ լինի․ մի դույլ էին տվել։ Ձե՞ռք են առնում մեզ։ Ավելի լավ է, գոնե նման բաներ չանեն։ Վերջերս թաղապետի մոտ գնացի։ Փոքրիկ Գևորգի հետ էի գնացել։ Ասացի՝ հերոսի եղբոր հետ ծանոթացեք։ Փոխանակ իրենք գան, տեսնեն՝ ոնց ենք ապրում, ինչ ենք անում, ես էի գնացել փոքրիկիս հետ։ Թաղապետին ասացի՝ ամուսինս աշխատանք չունի։ Նա եվրոպատուհաններ է տեղադրում։ Թեև վատառողջ է, ճնշման հետ կապված՝ խնդիրներ ունի, բայց պատրաստակամ է աշխատել ու, ցավոք, ոչ մի հիմնական աշխատանք չունի։ Այս պաշտոնյաներից մի օր մեկը չեկավ մեր տուն, մեր ցավը կիստի, տեսնի՝ ինչպես ենք։ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանին նամակ էի գրել՝ խնդրելով, որ հանդիպման համար օր նշանակեն։ Քարտուղարուհին էի պատասխանել։ Այդպես էլ չկանչեցին։ Իմ 19 տարեկան տղան զոհվեց։ Նրան արձակուրդ էր հասնում, դա էլ չտվեցին, կարոտով մնաց։ Պատերազմի ժամանակ օրերով չէր քնում իմ տղան։ Նա իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի․ բա մի օր պաշտոնյաները, իշխանության ներկայացուցիչները չգա՞ն մեզ տեսնեն, մեր փոքրիկին տեսնեն, աշխատանք չտա՞ն իմ ամուսնուն, որ մեր բալիկին պահենք։ Փոքրիկին մեր հերոս Գևորգի թոշակով ենք պահում։ Իմ Գևորգն է պահում իր փոքրիկ եղբորը։ Ես շատ շնորհակալ եմ բարերար Թագուհի Օհանյանին, որը որդուս մահվան բոթը լսելուց հետո միշտ մեր կողքին է եղել, աջակցել է մեզ։ Իմ հղիության ընթացքում իր աշխատանքային թիմի անդամները՝ Ժաննան ու Լևոնը միշտ կողքիս են եղել, նրանց շնորհիվ ես եղել եմ լավագույն բժիշկների հսկողության ներքո։ 2017 թվականի հունիսի 11-ին ծնվեց Գևորգս, և Թագուհին այդ ուրախ լուրը հայտնեց ամբողջ աշխարհին, ջերմորեն շնորհավորեց․ այդ պահից ԱՄՆ-ում բնակվող մեր բարերարները ( շատերը նույնիսկ իրենց անունները չեն նշում, ցանկանում են անհայտ մնալ) թև ու թիկունք եղան իմ Գևորգին։ Նրանք մեզ աջակցել են թե՛ նյութապես, թե՛ ֆինանսապես․ փոքրիկի համար խաղալիքներ, հագուստ, ու տակդիրներ են ուղարկել։ Թագուհու շնորհիվ ենք մեր բալիկին մեծացրել։ Ես շատ շնորհակալ եմ նրան և ամերիկահայ բարերարներին։
Շատերը իմ հերոս որդու մասին գիտեն հենց Թագուհու էջի շնորհիվ։ Ցավալի է, բայց այս փոքրիկ երկրում մարդիկ հաճախ հերոսներին չեն ճանաչում։ Իշխանությունն էլ փոխվեց, բայց մեր նկատմամբ էլի ուշադրություն, հարգանք, հոգատարություն չկա։ Բայց, պետք է նշեմ՝ երբ հեղափոխության օրերին փոքրիկիս հետ հրապարակ էի դուրս գալիս, մարդիկ մոտենում էին մեզ, հարգանքով խոսում, զրուցում, հարցնում էին՝ ինչպես ենք, ասում էին՝ սա հերոսի մայրն է, սա էլ նրա փոքրի եղբայրը, բայց իշխանությունները մեզ մի օր ուշադրության, հոգատարության, ջերմության չարժանացրին։ Այդպես չի կարելի», - հուզմունքը խեղդելով ասաց տիկին Անահիտը։
Irakanum.am