ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտ (East-West Institute) ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ եւ քննարկել Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Արմեն Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտ կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին: Ներկա փուլում կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում: Ինստիտուտը տարբեր ոլորտներում հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսիք են կանխարգելիչ դիվանագիտությունը, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգությունը, կիբերանվտանգությունը:
Ինստիտուտի պատվավոր նախագահներ եւ տնօրեններ են եղել քաղաքական, գործարար, գիտական աշխարհի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխվարչապետ եւ Արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, Պեպսիկո ընկերության հիմանդիրի Դոնալդ Քենդալը,շատ ուրիշներ:
Արմեն Սարգսյանը 2008 թվականից զբաղեցնում է Ինստիտուտի փոխնախագահի պաշտոնը։
Նշենք, որ Արմեն Սարգսյանը ԱԺ կողմից ընտրվել է ՀՀ 4-րդ նախագահ: Նա իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում: