00:00:00

Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

18:13, 09 փետրվար 2019

Փետրվարի 9-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Ողջունելով ՀՀ խորհրդարանի նախագահին՝ Աշոտ Ղուլյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ԱԺ նախագահին բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: ԱՀ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ՀՀ օրենսդիր մարմնի նոր կազմի հետ ծանոթությունների ճանապարհով կընդլայնվի նախորդ տարիներին ձևավորված համագործակցությունը: Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, կարևորել է երկկողմ հարաբերություններում առկա ավանդույթը, որի համաձայն ՀՀ ԱԺ նախագահները աշխատանքային առաջին այցը կատարում են Արցախ, և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի ներդրմամբ երկու հայկական խորհրդարանների միջև հարաբերություններն ավելի կսերտանան: Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ ՀՀ և ԱՀ խորհրդարանների նախագահների և ԱՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ: Հայաստանի օրենսդիր մարմնի նախագահը կարևորել է համազգային խնդիրների շուրջ անկեղծ քննարկումների ձևաչափը և համատեղ եզրակացություններ անելու ու միասնական որոշումներ ընդունելու հանգամանքը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացի ներկա փուլին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ՀՀ կառավարության ծրագրով կրթության և ՏՏ ոլորտներում իրականացվելիք աշխատանքներին, Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական համաձայնագրին վերաբերող հարցեր և հնչել առաջարկություններ: Ամփոփելով հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հնարավորությունները և նիստի օրակարգում ներառվելիք հարցերի շրջանակը: Հաջորդիվ կայացել է ՀՀ ԱԺ նախագահի ճեպազրույցը: Առավոտյան Արարատ Միրզոյանը տիկնոջ հետ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմում զոհված նահատակների հիշատակին, այնուհետև Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում ծանոթացել ռազմաուսումնական հաստատության առօրյային և կրթական ծրագրերին: Օրվա երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Շուշի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի և շրջել Կերպարվեստի և Երկրաբանական թանգարաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր