00:00:00

Դպրոցական տարիքի, բայց դպրոց չհաճախող երեխաներ

04:01, 02 փետրվար 2019

Հանրապետության երրորդ մարզում՝ Լոռիում պաշտոնական տվյալներով՝ մոտ 100 երեխա համարվում է պարտադիր ուսուցումից դուրս մնացած: Նրանք հիմնականում գյուղական համայնքներում են, երբ ծնողները որոշում են, որ ուսումն իրենց երեխային պետք չի գա, քանի որ երեխան գյուղում է մնալու, գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվելու․ սա հիմնականում բարձր դասարանների մասով՝ 10, 11, 12 դասարաններում։ Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանն ասում է, որ այս փուլում աշակերտը որպես աշխատուժ է դիտարկվում։ «Տեսանելի է խնդիրը ռուսալեզու՝ Լեռմոնտովո և Ֆիոլետովո համայնքերում: Սա զուտ ազգային մտածելակերպի տարբերության հարց է: Այս համայքներում առանց միջնակարգ կրթության էլ երիտասարդները կարողանում են աշխատանքային գործունեություն ծավալել, գումար վաստակել: Մեր կողմից բացատրական աշխատանք է տարվում՝ դպրոց վերադառնալու համար: երբեմն հաջողվում է: Խնդիր կա նաև առաջին դասարանն ուշացնելու հետ կապված, ինչը կրկին խորն է արտահայտված գյուղական համայնքերում, երբ ծնողները, կամ պապիկ-տատիկները որոշում են, որ երեխան դեռ փոքր է, «մեղկ» է, այսպես նրանք ուղղակիորեն դուրս են մնում պատադիր ուսուցումից: Կան երեխաներ, որոնք փաստացի գրանցված են, ծնողը գործերը հետ վերցնելու դիմում չի ներկայացրել, բայց հանրապետության տարածքում չեն: Այս երեխաները նույնպես համարվում են որպես պարտուսից դուրս մնացած: Բայց որոշ դեպքերում նրանց գտնվելու մասին տեղեկություն չկա, կապ հաստատել չի հաջողվում»: Մարզի կրթության ոլորտի գլխավոր պատասխանատուն ասում է՝ հաճախելիության պատասխանատվության մի որոշ մասը համայնքապետինն է՝ օրենքով է ամրագրված: Պարտուսից դուրս մնացածների թիվը վերացնելու կամ գոնե կրճատելու համար համայնքապետարանի օգնությունն է անհրաժեշտ: ԿԱՊԿՈՒ. ներառակա՞ն, թե՞ ինտեգրված կրթություն. Լոռու 149 դպրոցից 94-ում իրականացվում է ներառական կրթություն: Մոտ 600 երեխա սովորում է ներառական կրթական ծրագրով: Նրանց համար դժվարությունները սկսվում են հենց դպրոցի մուտքից: Մատչելիության խնդիր լուծված է դպրոցների միայն մի մասում: Շենքեր կան, որոնք մինչ այսօր թեքահարթակներ չունեն: Ըստ պատկան մարմինների՝ խնդիր է այն, որ խորհրդային պրոեկտներով կառուցված դպրոցներն այսօր ուղղակիորեն թույլ չեն տալիս հատուկ կարիքներով աշակերտների համար անհրաժեշտ պայմաններ ապահովել: Այս առումով՝ թերևս «բախտավոր է» միայն Վանաձորի թիվ 18 դպրոցը, որն ունի մուտքի մատչելիություն, ներսում տեղաշարժվելու խնդիրները ևս լուծված են, կա վերելակ, հարմարեցված սահնահանգույց: Մասնագետների պակաս, ուսուցիչների, ծնողների ցածր իրազեկվածություն։ Սրանք բացերն են, գումարած՝ հատուկ դպրոցների բեռնաթափման ծրագիրը, որին, ըստ մասնագետների՝ դեռևս պատրաստ չեն ոչ ուսուցիչը, ոչ աշակերտն ու ծնողը։ Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հետ շատ աշխատանքի կարիք կա՝ ասում է Վանաձորի թիվ 30 դպրոցի սոցիալական մանկավարժ Էլեոնորա Մաթևոսյանը: Աշխատել՝ առաջին իսկ օրվանից՝ ընդ որում ոչ միայն ԿԱՊԿՈՒ աշակերտի, այլև ծնողի, մնացած աշակերտների ու ծնողների. «Իմ փոքրիկ սան Ս.-ն 2-րդ դասարան էր, ուներ շատ լավ, հոգատար դասվար, պատասխանատու ծնող, վերջինս որպես ԿԱՊԿՈՒ աշակերտ էր գնահատվել, քանի որ ուներ հուզակամային ոլորտի որոշակի հապաղում, ինչի պատճառով ուսումնական և հաղորդակցման դժվարություններ։ Որպես սոցիալական մանկավարժ սկսեցի աշխատել Ս-ի հետ։ Նա խոսում էր շատ քիչ, հիմնական կարծիքը "եսիմն" էր, ներս մտնելիս չէի բարևում, հարցերին պատասխանելիս կցկտուր ցածր ձայնով էր խոսում։ Դասընկերները նրան սիրում էին, բայց վերաբերում էին որպես անպաշտպան փոքրիկի, ոչ թե որպես հավասարի։ 1 տարի ընդգրկեցի խմբային աշխատանքերում, ընդ որում պարտադիր պայման էր ոչ ԿԱՊԿՈՒ համադասարանցիների ընդգրկումը այդ խմբային աշխատանքներում։ Օգտագործելով արտթերապևտիկ տեխնիկաներ, վարժանքներ ես ու Ս․-ն ունեցանք հաղթանակ։ Ուսուցիչը մոտեցավ ինձ՝ շնորհակալություն հայտնելու, քանի որ մեր սանը, որ մինչ այդ թվում էր կարծիք չունի, հակաճառել էր ուսուցչուհուն։ Երևի որոշ մարդկանց համար ծիծաղելի կթվա, որ աշակերտի հակաճառելը կարող ենք հաղթանակ համարել, բայց իրականում սա հսկայական առաջընթաց էր։ Այժմ Ս․-ն շփվում է, խաղում է ընկերների հետ, ողջունում է, պատասխանում հարցերին, ավելի համարձակ է և ակտիվ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր