Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.
«Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով ընդամենը տնտեսում ենք իրականացրել, օպտիմալացրել ենք մեր ծախսերը:
Պարգևավճարների, գործուղումների մասին
Հնարավոր չէ իրականացնել որևէ աշխատանք՝ չունենալով գործիք: Թող կոպիտ չհնչի, որ աշխատուժը գործիք ենք անվանում, բայց տնտեսագիտությունը կոշտ գիտություն է և աշխատուժն ապրանք է, որն ունի իր գինը: Ցանկացած ապրանքի դեպքում, եթե դու պատրաստ չես վճարել այն գինը, որն ապահովում է որակ, պետք է կորցնես կամ որակը, կամ ապրանքը:
Այն աշխատանքը, որն իրականացվում է այսօր, մեզ չի բավարարում: Ես ուզում եմ սա հստակ արձանագրենք: Սրա մասին խոսում են մեր քաղաքի ֆինանսական արդյունքները, ենթակառուցվածքների առկա վիճակը: Եթե մեր առջև այսօր նոր ավագանին դրել է շատ բարձր նշաձող, ապա մենք ի՞նչ գործիքակազմով պետք է հաղթահարենք այն: Ես ասում եմ, որ, իհարկե, մենք կարող ենք, բայց կարող ենք պայմանով՝ բարձրակարգ որակավորում ունեցող անձանակազմով: Իսկ ինչպե՞ս հասնենք որակավորում ունեցող երկու հազար հոգանոց անձնակազմի: Մի այլ հարց է, որ այդ անձնակազմն, այո, ուռճացված է: Այդ (աշխատակազմի օպտիմալացման) ուղղությամբ այսօր աշխատանքները սկսված են, և հուսով ենք՝ առաջիկայում կավարտենք օպտիմալացման աշխատանքները և կհրամցնենք նոր հաստիքակազմ, նոր սկզբունքներով: Բայց երբ քաղաքապետարանի անձնակազմում օտար լեզվի իմացությունը նվազագույն թույլատրելի մակարդակից ցածր է, իսկ քաղաքապետարանը վճարում է 130, 140 կամ 150 հազար դրամ աշխատավարձ, ինչպե՞ս այս մարդկանցից պահանջենք բարձր որակավորում: Չէ՞ որ դա ծախս է: Աշխատուժի որակի բարձրացումը ներդրում է պահանջում: Մենք այդ ներդրումը տեսնում ենք վերապատրաստման, պարգևատրման ֆոնդի միջոցով: