Վիրավոր զինծառայողների վերաբերյալ լայնորեն շրջանառվող լուրերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել: Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզաբաման մեջ ասված է.
«Ս.թ. դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող, որոնցից մեկն ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, ևս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից հետո։
Նշված ժամանակահատվածում Երևան տեղափոխված զինծառայողներից մեկի մոտ ախտորոշվել է թորակո-աբդոմինալ միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում։ Երկու զինծառայող ականապայթյունային վնասվածքներ են ստացել։ Դեկտեմբերի 17-ին և 18-ին ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել ևս երկու զինծառայող՝ հրազենային գնդակային վիրավորումներով։
Բոլոր զինծառայողները գտնվում են բժշկական վերահսկողության ներքո։ Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում։