Ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարությանը, թե Ադրբեջանին զենք ամենաշատը ՌԴ-ն է վաճառում:
Արամ Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։
Իսկ իմ կարծիքով՝ ասելը անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ, և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կրասնոդարի մարզով...»:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ շփումներին՝ պատմելով դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանին զենքի վաճառելու թեմայով իրենց խոսակցությանը: