00:00:00

Անտառ չկտրելով կարելի է ավելի շատ գումար աշխատել, քան՝ կտրելով․Փաշինյան

16:35, 22 նոյեմբեր 2018

ՀՀ Կառավարության հերթական նիստին հավանության տվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին 23,208,483.13 եվրո գումարի չափով թիվ 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց, թե  «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի իրականացման տևողությունը նախատեսվում է 8 տարի:
«Այն կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը», - ասաց Էրիկ Գրիգորյանը:
Ըստ նախագծի`դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝
- պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, - անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ, - ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ, - էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, - խորհրդատվական ծառայություններ։ Ծրագրի իրականացումը նախատեսվում է 4 հիմնական ուղղություններով՝ - բազմաֆունկցիոնալ նպատակներով դիտարկվող կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների կայուն կառավարում, կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում մարդկային գործոնի ազդեցության նվազեցում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ միջոլորտային ներդրումների ուժեղացում, ընտրված տարածքների, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային տնտեսությունների վարչակազմի ֆինանսական կայունության ապահովում, ընտրված համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում: Ըստ նախագծի` հաշվի առնելով Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի յուրահատուկ և հարուստ կենսաբազմազանությունը, որպես ծրագրի իրականացման վայր կընտրվեն կենսաբազմազանությամբ հարուստ տարածքները։
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց, որ թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, այն հնարավոր է իրագործել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում:
Դրամաշնորհային համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացնել հստակ արդյունքներին ուղղված լայնածավալ միջոցառումներ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այս հարցի քննարկումը պատեհ առիթ է՝ արձանագրելու, որ կառավարության նպատակաուղղվածությունը և ռազմավարական մոտեցումը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելը և զարգացնելն է:
«Անտառ չկտրելով կարելի է ավելի շատ գումար աշխատել, քան՝ կտրելով: Պետք է ուշադրություն դարձնենք պելետների արտադրությանը: Այնպես որ, այս ծրագիրը շատ կարևոր է», - նկատեց վարչապետի պաշտոնակատարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր