00:00:00

Կոռուպցիոն սխեմա դատական համակարգում. ովքեր են կիսում «պտուղները»

01:40, 20 հուլիս 2018

ՀՀ կառավարության կադրային նշանակումները հանրության խոշորացույցի տակ են գտնվում: Անգամ փոխվարչապետների օգնականների կամ մամուլի խոսնակների յուրաքանչյուր գրառում ֆեյսբուքյան անձնական էջում դառնում է հանրության մի իսկական ալեկոծության պատճառ, որոնց հետեւում են հրաժարականներ: Հանրությանը թվում է, թե այս կամ այն օգնականի կամ խորհրդականի անձնական գրառումներից հեղափոխությունը կարող է տապալվել, Հայաստանը կարող է կործանվել հիմնահատակ: Բայց կա կառավարության ազդեցությունից դուրս մի ոլորտ, որտեղ գործունեություն ծավալողները գրառումներ չեն անում իրենց էջերին, դեմքի շատ լուրջ արտահայտություն ունեն, ֆեյսբուքյան սկանդալների մեջ չեն հայտնվում...: Խոսքը դատական համակարգի մասին է: Հեղափոխությունը անցել է այս համակարգի կողքով: Միակ փոփոխությունն այն է, որ դատական համակարգը այլեւս ցուցումներ չի ստանում «Բաղրամյան 26»-ից եւ ստիպված է ինքնուրույն գործել՝ վճիռներ ու որոշումներ կայացնել: Դա, անշուշտ, անհրաժեշտ, բայց ամենեւին ոչ բավարար պայման է նորմալ դատական համակարգ ունենալու համար:  Իսկ այն վիճակը, որ կա այսօր դատական համակարգում, շարունակվելու դեպքում շատ ավելի վտանգավոր է պետության համար, քան որեւէ փոխվարչապետի որեւէ որեւէ օգնականի որեւէ գրառումը: Օրինակ, բավականին աննկատ անցավ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում Արսեն Մկրտչյանի հայտնվելը: Վերջինս Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մտերիմն է: Նրանք իրար հետ աշխատել են մի շարք ծրագրերի վրա, եւ Արսեն Մկրտչյանի կնոջը՝ Աննա Թովմասյանին Հրայր Թովմասյանն է դատավորի օգնականից 2012թ. նշանակել Երեւանի Մալաթիա նոտարական տարածքի նոտար իր՝ ՀՀ Արդարադատության նախարար եղած ժամանակ: Մյուս կողմից, Հրայր Թովմասյանի անունը կապվում է նաեւ «Կոնցեռն Դիալոգ» ընկերության հետ, որը զբաղվում է իրավաբանական ծառայությունների մատուցմամբ: «Կոնցեռն Դիալոգի» բաժնետերերից է Արամ Օրբելյանը: Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց հետո Օրբելյանը հայտնվեց Արդարադատության փոխնախարարի պաշտոնում եւ աշխատեց մինչեւ 2014 թվականը, որից հետո միասին հրաժարական տվեցին: Իրավաբանական-փաստաբանական համայնքում «Կոնցեռն դիալոգը» բավականին տարակուսելի համբավ ունի: Ըստ օդում կախված լուրերի, այս «գրասենյակը» հաջողությամբ կարողանում է «լեզու գտնել» որոշ դատավորների հետ եւ «պոկել» ցանկալի վճիռներ ու որոշումներ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում Արսեն Մկրտչյանի նշանակվելը ենթադրում է, որ այդ «լեզու գտնելու» ավանդույթը շարունակվելու է: Վերջինս հայտնի է նրանով, որ կարողանում է, պատկերավոր ասած, մի ստորակետը դարձնել ցանկացած վճռի բեկանման կամ հաստատման հիմք: Այսինքն, ցանկացած դատական գործով կայացված վճիռ, որը կհայտնվի քաղաքացիական վերաքննիչ դատարանում, «Կոնցեռն դիալոգի» եւ Արսեն Մկրտչյանի «լեզու գտնելու» շնորհիվ կարող է բեկանվել կամ հաստատվել ըստ նպատակահարմարության: Եվ այդ դեպքում «պտուղները» առաջվա նման կբաժանվեն Հրայր Թովմասյանի, Արսեն Մկրտչյանի եւ «Կոնցեռն Դիալոգի» միջեւ: «Պտուղները» բաժանելու այս սխեման բավական անվտանգ է՝ բացահայտելու տեսանկյունից բավական դժվար, եթե չասենք՝ անհնարին: Անկախ ու անկաշառ դատական համակարգի բացակայությունը իրոք կարող է կասկածի տակ դնել պետության հետագա զարգացումը: Ըստ էության չկա որեւէ ակնարկ, որ մեր դատական համակարգում հոգեբանության, գաղափարախոսության փոփոխություն է տեղի ունենում: Իսկ մեր դատական համակարգը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը: Հեղափոխությունը կիմաստազրկվի, եթե ինչպես ՀՀ Վարչապետն է ասում, կոռուպցիոն թեկուզ մեկ օջախ արմատախիլ չարվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր