00:00:00

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը

19:06, 06 մարտ 2018

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ավանդաբար գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների և երկու ժողովուրդների դարավոր, ջերմ բարեկամական կապերի պահպանման և ընդլայնման ուղղությամբ չպետք է դադարել աշխատել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-կիպրական բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության և սերտ շփումների մասին ինչպես երկկողմ միջպետական, այնպես էլ կուսակցական մակարդակով և միջազգային կառույցների շրջանակներում: Միջազգային հարթակներում համագործակցության համատեքստում Հանրապետության Նախագահն անդրադարձել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, նշելով, որ այդ կարևոր միջոցառմանը մասնակցելու նպատակով հրավեր է ուղարկել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին: Նախագահը բարձր է գնահատել միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկու բարեկամ երկրների հարաբերություններում և գոհունակությամբ փաստել նաև օրենսդիր մարմինների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը: Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև 2017թ. նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-կիպրական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ դեռևս անելիքներ կան, որպեսզի դրանք հասցվեն առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը շնորհակալություն է հայտնել Նախագահին հանդիպման և իր հավատարմագրերն ընդունելու համար, նշելով, որ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նույն պահին բարեկամ Հայաստանի դեսպանն էլ իր հավատարմագրերն է հանձնում նախագահ Անաստասիադիսին: «Սա, իհարկե, զուգադիպություն է, բայց, կարծում եմ, կարևոր զուգադիպություն է, որ տեղի է ունենում շատ լավ բարեկամների միջև: Մեր երկրների միջև հարաբերություններն ավելի լավ լինել չէին կարող, բայց մենք, պարո՛ն Նախագահ, համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք առաջ մղենք»,-ասել է Կիպրոսի դեսպանը: Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը և դեսպան Մարկիդեսը քննարկել են տարբեր ոլորտներում հայ-կիպրական հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու հնարավորություններն ու հեռանկարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր