Նախօրեին «Իշխանություն» լրատվականն ահազանգել էր Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրի դպրոցի շինաշխատանքներում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բայց ազգությամբ ադրբեջանցիների ներգրավվածության հիմնավոր կասկածների մասին։
Թեմայի շուրջ զրուցել ենք հանրային գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանի հետ, ով բազմիցս բարձրաձայնել է Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների կառուցմանը օտարազգիներին ներգրավելու վտանգների մասին։
«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում, Նաիրի Հոխիկյանն ասաց, որ Հայաստանում պետական ծրագրերով իրականացվող ռազմավարական և քաղաքացիական շինարարություններում օտարազգիների, այդ թվում՝ ադրբեջանցիների ներգրավումը լուրջ սպառնալիք է ազգային անվտանգությանը:
Գնահատելով իրավիճակը՝ Հոխիկյանը նշեց, որ կապալառու ընկերությունները, շահույթ հետապնդելով, նախընտրում են էժան աշխատուժ՝ ներգրավելով հնդիկների, պակիստանցիների, արաբների կամ պարսիկների ինչն աղետալի հետևանքներ է ունենում հատկապես սահմանամերձ շրջաններում:
«Կոռնիձորում, որտեղ թշնամին ընդամենը 200 մետր հեռավորության վրա է, դպրոց են կառուցում արաբները, պակիստանցիները և հնդիկները, որոնք մուսուլման են: Անցյալ տարի Վարդենիսի առաջնագծում բունկերների շինարարության ժամանակ ներգրավված էին խմբեր Իրանից, որոնք ամբողջ գաղտնի տեղեկատվությունը՝ պատերի հաստությունից մինչև տեղակայման վայրերը, նկարահանել և փոխանցել են Ադրբեջանին»,- ասաց Հոխիկյանը:
Հոխիկյանը վստահեցրեց, որ գործող վարչակազմը քաջ գիտակցում է առկա բոլոր ռիսկերը։ Եվ որպես ասվածի ապացույց մատնանշեց Պաշտպանության նախարարության կողմից ռազմավարական օբյեկտների 3D մոդելների ու տեսանյութերի հրապարակումը՝ այդ գործելաոճը որակելով որպես քարոզչական խեղկատակություն։
«Սա գիտակցված դավաճանություն է: Մարդը, երբ գիտակցված հայրենիք է հանձնում, դա ամենավատն է: Իշխող ուժի ներկայացուցիչներից հաճախ կարելի է լսել, որ ավելի լավ է Հայաստանը լինի Երևան և մի մարզ, բայց իրենք լավ ապրեն ու երջանիկ լինեն։ Նրանց մտածողությունը տեղավորվում է սեփական ստամոքսի, այլ ոչ թե հայրենիքի գաղափարի մեջ»,- նշեց Հոխիկյանը:
Անդրադառնալով ներգաղթյալների խնդրին՝ Հոխիկյանը շեշտեց, որ Հայաստանում արդեն 100․000-ից ավել հնդկաստանից եկած մարդիկ կան, ինչը ժամանակի ընթացքում հայերին կարող է դարձնել փոքրամասնություն՝ սեփական երկրում։
«Սա շովինիզմ չէ, սա ազգային անվտանգության հարց է: Մենք պետք է տիրություն անենք մեր հողին, իսկ տեղի բնակիչները պետք է զգոն լինեն և թույլ չտան կասկածելի անձանց ներկայությունը իրենց գյուղերում»,- եզրափակեց հանրային գործիչը: