Երեկ կարկառուն ՔՊ-ական Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում տեսագրությամբ հայտարարարեց. «Հարց եմ ուղղում ձեզ․ ինչպե՞ս եք վերաբերվում այն մարդկանց, որոնք ինչ-որ ժամանակ աշխատել են մեր մոտ, այսինքն՝ պետական որևէ կառույցում, իսկ հետո դուրս գալով սկսում են քաղաքականությամբ զբաղվել»։
Այս մի քանի նախադասության մեջ ամբողջությամբ բացահայտվում է այդ մարդկանց մտածողությունը։ Նրանց պատկերացմամբ պետությունը հանրային ինստիտուտ չէ, որը պատկանում է ժողովրդին, այլ ինչ-որ փակ «ընկերություն» է, որի «տերը» Նիկոլ Փաշինյանն է, իսկ իրենք՝ այդ ընկերության «փայատերերը»։
Այդ տրամաբանությամբ էլ պետական ծառայությունը վերածվում է ոչ թե պետությանը ծառայելու, այլ իշխանությանը ծառայելու գաղափարի, իսկ պետական համակարգում աշխատած ցանկացած մարդ նրանց աչքում դառնում է ինչ-որ կերպ իրենց «պարտական»։ Սա ոչ միայն սխալ, այլև վտանգավոր մտածողություն է։ Պետական կառույցները որևէ կուսակցության սեփականությունը չեն և երբեք չեն եղել։ Դրանք ստեղծված են պետությանը և ժողովրդին ծառայելու համար, ոչ թե իշխանության շուրջ հավաքված մարդկանց նեղ խմբի շահերը սպասարկելու։
Այս տիպի մտածողությունը բնորոշ է փակ, կլանային և ավտորիտար մտածելակերպ ունեցող համակարգերին, որտեղ պետությունը նույնացվում է իշխանության հետ, իսկ իշխանությունը՝ մեկ անձի կամ փոքր խմբի հետ։
Հոգեբանական առումով սա սեփականաշնորհված իշխանության սինդրոմ է՝ երբ մարդիկ սկսում են իրենց ժամանակավոր իշխանությունը ընկալել որպես անձնական ունեցվածք և ցանկացած անկախ մտածողություն կամ քաղաքական ակտիվություն դիտում են որպես «դավաճանություն» իրենց նկատմամբ։ Թորոսյան Արսենին չէր խանգարի օդանավակայանում «պարապ» ժամանակ խորհել սեփական անձի ու թիմի հետագա ճակատագրի համար, հատկապես, որ այն այդքան էլ գունեղ չի լինելու։
Irakanum.am