00:00:00

Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը մտահոգիչ է․ հայ և օտարազգի ցեղшսպանագետների բաց նամակը

10:52, 13 մարտ 2026 Քաղաքականություն

Հայ և օտարազգի ցեղասպանագետները բաց նամակ են հղել՝ խոր մտահոգություն հայտնելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի՝ ճնշման և հարկադրանքի, այլ ոչ թե ազատ ընտրությամբ աշխատանքից ազատման դիմում գրելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄն փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։

«Դոկտոր Գզոյանը բարձրացրել է ՀՑԹԻ միջազգային ակադեմիական հեղինակությունը, նրա ղեկավարությամբ ինստիտուտը ընդլայնել է իր արխիվային հավաքածուները, կազմակերպել է կարևոր սիմպոզիումներ և կոնֆերանսներ, ինչպես նաև ստեղծել գիտական աշխատանքներ, որոնք զգալիորեն առաջ են մղել ցեղասպանագիտության ուսումնասիրություններն ամբողջ աշխարհում։ Նա անխոնջ պաշտպանն է եղել Հայոց ցեղասպանության, որն ամրապնդել է անցյալի անարդարությունների վերաբերյալ համաշխարհային ըմբռնումը և աջակցել պատմական ճշմարտության վերականգնման գործին։ Հատկապես մտահոգիչ է նրա հարկադիր հեռացման դրա ժամանակացույցը և համատեքստը»,- նշված է ցեղասպանագետների նամակում։

Նրանք ընդգծել են, որ Գզոյանն ԱՄՆ փոխնախագահ Վենսին ներկայացրել է ոչ միայն 1915 թվականի ցեղասպանությունը, այլև հետագայում Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած հայերի կոտորածները՝ ընդգծելով տարածաշրջանում հայերի դեմ բռնության պատմական շարունակականությունը։ Նա նաև փոխնախագահ Վենսին նվիրել էր Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ գիտական աշխատություններ, ինչը, ըստ մասնագետների, կարևոր համատեքստ է Հայաստանի պատմության և ժամանակակից մարտահրավերների հասկանալու համար։

«Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես մտահոգիչ օրինաչափություն՝ անկախ ակադեմիական ձայների լռեցում՝ քաղաքական հարմարության օգտին։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ սա ավելի շատ վերաբերում է ոչ թե թանգարանի կառավարմանը, այլ ՀՑԹԻ-ի վերադասավորմանը՝ աշխատանքը համապատասխանեցնելով աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, մասնավորապես՝ ձգտելով խուսափել Ադրբեջանին առնչվող վայրագությունների անկեղծ քննարկումից՝ շարունակվող կարգավորման գործընթացի ֆոնին»,- նշված է նամակում։

Շեշտում են՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտական կենտրոն է, ժխտման և խեղաթյուրման դեմ պաշտպանություն։ Դա նշանակում է, որ ինստիտուտի ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից։ Ցեղասպանագետների կարծիքով՝ Գզոյանի հարկադիր հեռանալը սարսափելի ուղերձ է հղում ամենուրեք գտնվող գիտնականներին և պատմաբաններին, որ լուրջ հետազոտությունը և ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ։ Վստահ են, որ Գզոյանի հեռացումը լրջորեն կվտանգի ինստիտուտի ապագան և կխաթարի նրա հեղինակությունը միջազգային գիտական համայնքում:

«Նման որոշումը ոչ միայն կխաթարի ինստիտուտի ընթացիկ աշխատանքը, այլև մտահոգիչ ազդանշան կդառնա ցեղասպանագիտության բնագավառում առաջատար գիտնականների համար՝ նրանց հետ պահելով ՀՑԹԻ-ի հետ համագործակցությունից և թուլացնելով համաշխարհային ակադեմիական գործընկերությունները, որոնք կարևոր են նրա առաքելության համար»,- նշված է բաց նամակում։

Ցեղասպանագետները կոչ են անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ ինստիտուտի ղեկավարմանը միջամտությունից և թույլատրել Գզոյանին շարունակել իր աշխատանքը՝ առանց քաղաքական ճնշման։ Նամակը ստորագրել են շուրջ 3 տասնյակ հեղինակավոր ցեղասպանագետներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր